Հայտնի է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը
PoliticalՀայկական գորգի ազգային կենտրոնի տնօրեն, Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանին առաջարկվել է զբաղեցնել Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Թեև դեռ պաշտոնական որոշում չկա, սակայն ԼՈւՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ նա ընդունել է առաջարկը և նշանակումն արդեն կատարվել է:
Նշենք, որ Վիկտոր Մնացականյանը բանիմաց, առաջադեմ կադր է, որը մշտապես զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ: Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին բացարձակ հաղթանակ գրանցած «Իմ քայլը» խմբակցության 57 մանդատից մեկն էլ հենց Մնացականյանինն է, վերջինս ցուցակում 41-րդն է:
Փաստենք, որ սա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի լավագույն նշանակումներից մեկն է: Հաշվի առնելով Վիկտոր Մնացականյանի անցած ուղին՝ կարող ենք ենթադրել, որ նա այն մարդն է, որը լիովին կկարողանա համակարգել և լուծում տալ Կենտրոն վարչական շրջանի խնդիրներին:
Ի դեպ, Վիկտոր Մնացականյանը Հովիկ Աբրահամյանի ժամանակ զբաղեցրել է ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Նշենք, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանը 2011 թվականից ղեկավարում էր ՀՀԿ-ական Արա Սադոյանը, ով նույնպես հասցրել էր դրական իմիջ ձևավորել և բավականին պրոֆեսիոնալ կառավարում իրականացնել, սակայն «Նոր Հայաստանում» վարչական շրջանը կղեկավարի անկուսակցական Վիկտոր Մնացականյանը: