Ձեռքից ձեռք ընկած «Իմ Հայկական Երևան»-ը
ՀասարակությունՄայրաքաղաք Երևանը տոնում է իր 2800 ամյակը, և ինչպես ասում են՝ տոնը համախմբում է բոլորին։ Նախկին և ներկա իշխանությունների անդամներն իրենց պարտքն են համարում սոցցանցային գրառումներով շնորհավորել Երևանին, իսկ շնորհավորանքի մի քանի տողից էլ արդեն պարզ է դառնում, առանց անուն ազգանուն կարդալու, թե շնորհավորողը որ իշխանության ներկայացուցիչն է եղել։
Սակայն բոլոր շնորհավորանքների կողքին կա ավելի ուշագրավը։ Երևանի օրվա կապակցությամբ շնորհավորել է նաև նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իրականում այստեղ զարմանալի ոչինչ չկա, սակայն շնորհավորական ուղերձի տեքստն ասես գրված լինի անցյալ տարի, երբ Տարոն Մարգարյանը դեռ քաղաքապետ էր, և տեքստն էլ գրված էր հատուկ քաղաքապետի համար։ Ամենայն հավանականությամբ տեքստը գրողին Մարգարյանը մոռացել է հիշեցնել, որ նա այլևս քաղաքապետ չէ։
Ինչպես միշտ մեկնաբանություններում Մարգարյանի թիմակիցները «հիշեցնում են» նրա ահռելի դերը Երևանի կառուցման գործում, սակայն այս տարի ևս Մարգարյանը չի դադարում քննադատությունների կիզակետում հայտնվել՝ Երևանի անճաշակ զարդարանքի և կարգախոսի համար։
Բանն այն է, որ «Իմ Հայկական Երևան» կարգախոսը շատերի մոտ զայրույթի և քննադատության ալիք բարձրացրեց, որին նոր իշխանություններին հարող անձինք հներին են մեղադրում իսկ հներն էլ՝ նորերին։
«Երևանն ունի քաղաքապետ, նաև Երևանի քաղաքապետարանի գործող աշխատակազմ, ովքեր և պատասխանատու են այսօր մայրաքաղաքի առօրյայի, անցուդարձի, նաև կազմակերպվող միջոցառումների համար: Ըստ այդմ հարցերդ ուղղիր ճշգրիտ հասցեով և հասցեատերերին»,-մեկնաբանում է Արթուր Գևորգյանը, որը Մարգարյանի օրոք քաղաքապետարանում հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետն էր:
Հետաքրքիր է նաև, թե ինչու են նոր իշխանությունները պատասխանտվությունից խուսափում։ Եթե անգամ Տարոն Մարգարյանի օրոք էր մտածված կարգախոսն ու զարդարանքը արդյոք հնարավոր չէ՞ր նախապես իմանալ և փոփոխություններ կատարել։
Ինչևէ մենք այսօր ունենք քաղաքի դիզայն, որն իր գեղեցկությամբ և նրբաճաշակությամբ աչքի չի ընկնում։
Ուշագրավ է նաև այն, որ քաղաքապետի հրաժարականից հետո մենք նրա մասին գրեթե ոչինչ չէինք լսում, միայն՝ օրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե նա լքել է Հայաստանը և ընտանիքով տեղափոխվել Մոսկվա, սակայն ավելի ուշ հերքվեց տեղեկությունը։
Դրան հաջորդած շնորհավորական ուղերձը կարծես մեսիջ էր հանրությանը, որ նա ապրում է մեր կողքին և դեռ չի մոռացել քաղաքապետի իր գործառույթները, մասնավորապես՝ շնորհավորական ուղերձներ հղելիս։
Արմինե Արմենակյան