Պաշտոնյայի ոսկյա զարդերը գնորդը տարել է և չի վճարել
Հասարակություն
ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետի՝ List.am կայքում տեղադրված հայտարարությունը նրա գլխին պատուհաս է դարձել։ shamshyan.com-ի տեղեկություններով բաժնի պետի վաճառքի հանված ոսկյա զարդերը գնորդը վերցրել է եւ առանց վճարելու հեռացել։
ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Տիգրան Փանոսյանը ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ իր սեփական ոսկյա զարդերը վաճառելու մասին List.am կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Կարեն անվամբ ներկայացած անձը զանգահարել է իրեն և զրույցի ընթացքում եկել են փոխհամաձայնության, որից հետո Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեի մոտ Կարենի պահանջով ոսկյա զարդերը փոխանցել է Յանդեքս տաքսի ծառայության վարորդին: Վերջինս էլ իր հերթին ոսկյա զարդերը փոխանցել է անհայտ անձի, վերջինս էլ գումարը քիչ հետո վճարելու պատրվակով խաբեությամբ վերցել է ոսկյա զարդերը և հեռացել:
Կայքի տեղեկություներով՝ ոստիկանները պարզել են, որ տաքսու վարորդը Երևանի բնակիչ, 43-ամյա Գևորգ Բադալյանն է, իսկ Տ. Փանոսյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ:
Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Փանոսյանի դիմումի փաստով: