Քննչական կոմիտեի նոր ղեկավարությունը նախատեսում է մի շարք քննչական բաժինների հիմնանորոգում
ՔաղաքականՔննչական կոմիտեն բյուջեով իրեն հատկացված միջոցները կարողանում է տնօրինել այնպես, որ տարվա ավարտին խնայողություններ ևս լինում են:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ Քննչական կոմիտեն բյուջեով իրեն հատկացված միջոցները տարվա ավարտին ամբողջությամբ սպառո՞ւմ է, թե՞ կարողանում են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ խնայողություններ ևս լինեն և եթե լինում են՝ դրանք վերադարձվում են պետբյուջե՞, թե՞ ուղղվում են Կոմիտեի այլ ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը պատասխանեց.
«Քանի որ Քննչական կոմիտեին հատկացված գումարների մոտ 88.4 %-ը կազմում են աշխատավարձերը, 11.6 %-ով ենք հիմնականում փորձում այլ ծառայություններ իրականացնել: Լինում են նաև չծախսված գումարներ, որոնք, իհարկե, գնում են պետբյուջե»:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Քննչական կոմիտեի նոր ղեկավարությունը քայլեր ձեռնարկե՞լ է ոչ բարվոք վիճակում գտնվող քննչական բաժինների շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ՝ Նիկոյանը պատասխանեց. «Որոշ վարչական շենքեր, որոնք օպտիմալացման միջոցառումներից ելնելով՝ չի օգտագործվում, ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվում է Քննչական կոմիտեին: Կոմիտեն կառավարության որոշման հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթեր է պատվիրում, որի հատկացրած գումարների շնորհիվ մենք վերակառուցում և վերանորոգում ենք իրականացնում: 2018թ. մեզ տրամադրվել է Լոռի մարզային վարչության նոր շենք, որը գտնվում է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում: Արդեն կառուցել և այս տարի հանձնելու ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող քննչական բաժնի և Գորիս քաղաքի քննչական բաժնի շենքը, ինչպես նաև Շիրակի մարզային քննական բաժինը»,- ընդգծեց Ա. Նիկոյանը:
Նա նշեց՝ թեև փորձում են հնարավորինս տնտեսել պետական բյուջեն, բայց քանի որ տրամադրված տեխնիկան, գույքը մաշվում է, ամեն տարի պետական բյուջեով հատկացված միջոցները տրամադրում են գույքային խնդիրները բարելավելուն:
Սոնա Հարությունյան