Ի՞նչ ընդհանուր գաղտնիք ունեն Վիկտոր Սողոմոնյանի եղբայրը և Արթուր Վանեցյանի բաջանաղը
Analytical«Ժամանակ» թերթի տարածած տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը, ով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն է եւ ՀԾԿՀ նախկին աշխատակից, այժմյան էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Գարեգին Բաղրամյանի հետ անում են ամեն ինչ, որ այս պահին կառավարությունում գտնվող գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման հաշվարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ չքննարկվի կառավարությունում: Պատճառն էլ այն է, որ երկու պաշտոնյաները փորձում են կոծկել 2000 թվականից ի վեր գործող կոռուպցիոն սխեման, որի շրջանակներում էլ կատարվել է գազի գնի հաշվարկը, ըստ այդմ՝ փրկեն Ռոբերտ Քոչարյանին, գազամատակարարման, էներգամատակարարման համակարգի պաշտոնյաներին, ինչպես նաեւ սակագին որոշող, այսպես կոչված, անկախ հանձնաժողովի ղեկավարներին՝ նոր քրեական գործից:
Եթե, իհարկե, այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա մի շարք տրամաբանական հարցեր են ի հայտ գալիս, որոնցից ամենաառաջինը թերևս այն է, թե ի՞նչ գործ ունի Վիկտոր Սողոմոնյանի եղբայրը ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատարի պաշտոնում: Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրի՝ Ռոբերտ Նազարյանի հեռանալուց հետո այս կառույցում կարծես թե չեն շտապում նոր ընտրություններ անցկացնել, ի՞նչն է պատճառը և ինչո՞ւ այդ փաստը որևէ կերպ չի հուզում ներկայիս իշխանություններին, որոնց մեջքի հետևում, ըստ որոշ աղբյուրների, նման դավեր են նյութվում: Եթե Սողոմոնյանի դեպքում ինչ-որ կերպ կարելի է բացատրել Քոչարյանի համար «դոշ տալը», ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ է Երկրորդ նախագահի թիկունքը պահում ԱԱԾ պետի բաջանաղ նախարարը, եթե, իհարկե, Բաղրամյանը ինքը որևէ կերպ մաս չի կազմել վերոնշյալ կոռուպցիոն բուրգին, ինչը, ի դեպ, չի կարելի բացառել: Բաղրամյանն այժմ էլ ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում: Նախարարը նաև եղել է այն 7 պաշտոնատար անձանց կազմում, ովքեր ընկերության հաշվին մեկնել են Փարիզ։ Հետևաբար, չի բացառվում, որ կոռուպցիոն հակումներ ունեցող նախարարը ՀԾԿՀ-ում էլ զուր ժամանակ չէր կորցնում:
Մյուս կողմից ակնհայտ է, որ կոռուպցիոն սխեման, գործելով 2000 թվականից՝ գործում է մինչ օրս, ասել է թե՝ այն անխափան աշխատել է նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին և դժվար է պատկերացնել, որ Սարգսյանը այստեղ չի ունեցել իր մասնակցությունը և «փայը»: Տպավորություն է ստեղծվում, որ ինչպես Մարտի 1-ի գործում, այնպես էլ հիմա, արհեստականորեն փորձ է արվում սլաքներն ուղղել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի միայն մեկ ներկայացուցչի՝ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Իսկ Սերժ Սարգսյանը «ջրից կրկին չոր է դուրս գալու»…
Ս.Խաչատրյան