Պղտոր ջրում ձուկ որսացողներին խորհուրդ կտամ չթաքնվել ուսանողների մեջքի ետևում. ԿԳՆ փոխնախարար
ԲլոգոսֆերաԿրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկակի կամ քառակի խաղեր խաղացողնեին ի պատասխան
Երևանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանի դիմումի հիման վրա նախարարությունում ուսումնասիրվել են ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեության իրավական հիմքերն ու իրավաչափությունը:
Դիմումում բարձրացված հարցերը համադրելով ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի հետ՝ ակնհայտ է, որ առկա են հակասություններ և դրանցով պայմանավորված մի շարք խախտումներ:
Այսպես.
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշմամբ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը, որի 137-րդ կետով սահմանվում է, որ.
«137. ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի կողմից և հաստատվում լիազոր մարմնի կողմից:»:
ԵՊՀ ուսանողական խորհրդի գործող կանոնադրությունը հաստատվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի 2014թ. դեկտեմբերի 19-ին կայացած համագումարում: Համաձայն կանոնադրության 1.1 կետի՝ «ԵՊՀ ուսանողական խորհուրդը» (այսուհետ՝ ՈւԽ) ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը ԵՊՀ ուսանողության ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական և նրա ընկերային շահերը ներկայացնող ընտրովի մարմին է: ՈՒԽ-ի կանոնադրությունն ընդունվել է ՈՒԽ համագումարի կողմից, սակայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել:
Կանոնադրության 4.6 կետի համաձայն՝ ՈՒԽ համագումարը հրավիրվում է առնվազն 3 տարին մեկ անգամ՝ ՈՒԽ նախագահության կողմից: ԵՊՀ ՈՒԽ համագումարը լսում և հաստատում է ՈՒԽ նախագահության տարեկան հաշվետվությունը, քննարկում և սահմանում է ՈՒԽ տարեկան գործունեության կարևորագույն ուղղությունները և առաջիկա տարվա ծրագրային առաջնայնությունները /կետ 4.7/: Այս երկու կետերում առկա է հակասություն. այն է՝ տարեկան հաշվետվություն լսելու, կամ տարեկան գործունեության ուղղությունները սահմանելու համար անհրաժեշտ է նախատեսել ոչ թե 3 տարվա, այլ առնվազն մեկ տարվա համագումարի նիստ հրավիրելու պահանջ:
ՈՒԽ համագումարի վերջին նիստը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերին՝ 2017թ. դեկտեմբերի փոխարեն, ինչի արդյունքում խախտվել է կանոնադրության 4.6 կետով սահմանված 3-ամյա ժամկետը:
Կանոնադրության 4.7 կետի դ/ ենթակետի համաձայն՝ համագումարը որոշում է կայացնում ՈՒԽ-ի վերակազմավորման վերաբերյալ, իսկ 9.1 կետը սահմանում է, որ ԵՊՀ ՈՒԽ-ն վերակազմավորվում է ԵՊՀ ՈՒԽ համագումարի անդամների 2/3 որոշմամբ: Կանոնադրությամբ, սակայն, նախատեսված չեն ՈՒԽ-ի վերակազմավորման, ինչպես նաև գործունեության դադարեցման հիմքերը:
Հակասությունները շտկելու և հետագայում խախտումները բացառելու նպատակով` ԵՊՀ-ին առաջարկվել է հրավիրել համալսարանի ուսանողների ընդհանուր ժողով, վերակազմավորել խորհուրդը, որը կընդունի ուսանողական խորհրդի նոր կանոնադրություն, որն էլ օրենքի համաձայն կներկայացվի Կրթության և գիտության նախարարության հաստատմանը: Նոր կանոնադրության մշակման համար անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ապահովել մասնակցայնությունն ու հրապարակայնությունը:
P.S. Պղտոր ջրում ձուկ որսացողներին էլ խորհուրդ կտամ չթաքնվել ուսանողների մեջքի ետևում, չփնտրել հակասություններ այնտեղ, որտեղ դրանք չկան, ուսանողներին հերթական անգամ չներքաշել կուսակցական խաղերի մեջ և ապահովել բոլոր ուսանողների ազատ կամարտահայտումը»: