Եթե պլանավորվածը կատարվի` Տոկիոյի Օլիմպիական խաղերում կգերազանցեմ Լաշա Տալախաձեին. Գոռ Մինասյան
ՍպորտԾանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը կարծում է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հնարավոր կլինի գերազանցել հիմնական հակառակորդ Լաշա Տալախաձեին:
«Եթե ինչը պլանավորել ենք՝ կատարվի, ապա Տոկիոյի Օլիմպիական խաղերում կկարողանանք գերազանցել Լաշային: Հիմա անձնական քաշս մի քիչ ավելացրել եմ, ինչի շնորհիվ հրում վարժությունում ավելացել են բարձրացրած քաշերս: Միշտ տուժում էի հրում վարժության պատճառով, սակայն հիմա ավելի ուժեղ եմ դարձել այս ձևում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:
Վերջինս գոհ է իր ելույթից այնքանով, որ Օլիմպիական խաղերից հետո իրեն վերջապես հաջողվել է ավելի բարձր քաշեր բարձրացնել հրում վարժությունում:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխարհի առաջնությունում պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ: Հետո նա ծանրաձողի քաշը բարձրացրեց 5 կգ-ով և գլխավերևում պահեց 205 կգ կշռող ծանրաձողը: Սակայն 211 կգ-ը չկարողացավ բարձրացնել: Այս ձևում Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Պոկում վարժությունում 217 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:
Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը նախ բարձրացրեց 240 կգ, հետո` 245 կգ: Միայն թե Մինասյանը երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 250 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 450 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Երկամարտում 474 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ Լաշա Տալախաձեն:
Գոռ Մինասյանը 2016 թվականի 31-դ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2015 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, երկու անգամ դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (2016, 2017):