Վատ ավանդույթները շարունակվո՞ւմ են. քաղաքական թիմը և բյուրոկրատիան սերտաճում են
Аналитический «Իմ քայլի» ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրվելու են ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարուխանյանը, նրա տեղակալները, խորհրդականը, օգնականը։ Սա արդեն բացասական երևույթ է, որովհետև տեղի է ունենում քաղաքական թիմի ու բյուրոկրատիայի սերտաճման գործընթաց, որը դարձյալ ապաքաղաքականացնելու է ընտրական գործընթացը՝ սողանցքներ ստեղծելով վարչական ռեսուրսի լատենտ կիրառման, կամ գոնե պետական ու քաղաքական օրակարգերի անթույլատրելի մեկտեղման համար։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նույնպես պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին: Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մարզի ղեկավարը ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի նաեւ ՔՊ-ական փոխմարզպետ Արամ Խաչատրյանը:
Նոր իշխանությունների կողմից վարչական ռեսուրսը կիրառվում էր նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Փաշինյանը, մասնակցելով քարոզարշավին, փաստորեն, օգտագործում էր իր վարչական ռեսուրսը: Գուցե, եթե այդքան ջանասիրաբար չմասնակցեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի իր թեկնածուի նախընտրական քարոզարշավին՝ ընտրական օրենքի խախտումներն այդքան ցցուն չէին լինի: Սակայն, ըստ էության, խախտվել էր ընտրական օրենսդրությունը, քանի որ իր ամբողջ վարչական ռեսուրսով վարչապետը քարոզում էր թեկնածուներից մեկի օգտին (Ընտրական օրենսգիրք հոդված 23 մաս 1): Ավելին, մասնակցելով որպես քաղաքական ուժի համակիր, նա, ըստ էության, հանդես էր գալիս որպես վարչապետ և ցուցումներ էր տալիս (Ընտրական օրենսգիրք հոդված 23 մաս 3 կետ 1):
Նոր իշխանությունները օգտագործում են յուրաքանչյուր պատեհ և անպատեհ առիթը՝ հավաստիացնելու համար, որ այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության մեջ լինելու են ամենաարդարը, թափանցիկը և ազատը: Սակայն, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախավարժանք համարվող Երևանի ավագանու ընտրությունները, թե՛ Փաշինյանի քաղաքական թիմի նախապատրաստությունը այս ընտրություններին՝ հուշում են՝ իրավիճակ չի փոխվել և գործող իշխանությունները գնում են նախորդների հարթած արահետներով…