Ի՞նչ կլինի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի հետ
ОбществоՎանաձորում օրերս տեղի ունեցավ նորակառույց բժշկական կենտրոնի պաշտոնական բացումը: Շատերի համար ուրախալի այդ իրադարձությունը, սակայն, ոչ միանշանակ ընդունվեց ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների շրջանում, քանի որ ՀՀ կառավարությունը մտադիր է փակել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն ու 30 մահճակալից 15-ը տեղափոխել նորաբաց ԲԿ, ինչն, ըստ ոլորտի մասնագետների՝ հղի է վտանգներով:
Ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները տնօրենի հետ միասին հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, սակայն մարզպետը որոշ ժամանակ է պահանջել՝ խնդրի լուծման հնարավոր ուղիները գտնելու համար:
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ևս զրուցել է, սակայն մահճակալների տեղափոխման հարցը չի հստակեցվել, քանի որ «նորակառույց հիվանդանոցում տեղ չկա»:
«Մարզպետի ու նախարարի հետ զրուցել եմ ու վերջիններս խոստացել են, որ չեն շտապի իրենց որոշումների մեջ: Եթե որոշեն, որ կարող են նորակայռույց հիվանդանոցում տարածքն այնպես պատրաստել, որ հնարավոր լինի ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխել այնտեղ, ուրեմն կտեղափոխվենք, եթե չէ՝ չէ», -ասաց ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը և հավելեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցը դեռևս բնականոն հունով իր աշխատանքները շարունակում է:
Չիլինգարյանը, չնայած նրան, որ մեզ հետ հարցազրույցներից մեկում նշել էր, որ «Կառավարությունն այսկերպ փորձում է կրճատումներ անել բյուջեն լցնելու համար, որպեսզի մարդկանց էլ ցույց տան, թե իրենց գործն արդար է», այս անգամ պնդեց, որ կրճատման մասին ոչ մի խոսք լինել չի կարող և որ խնդիրը ինֆեկցիոն բաժինն ամբողջ հիվանդանոցին միացնելն է:
Արմինե Միքայելյան