ԱԺ վերջին «վատությունը» Նիկոլ Փաշինյանին
AnalyticalՀՀ 2019 թվականի պետական բյուջեին ԱԺ բոլոր խմբակցությունները կողմ կքվեարկեն: Նման որոշումը գուցե անսպասելի էր Նիկոլ Փաշինյանի համար, ով բնավ էլ դեմ չէր լինի, եթե ընդդիմությունն այս անգամ էլ նույն սկզբունքայնությունը դրսևորեր՝ ինչպես եղավ շաբաթներ առաջ՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունման ժամանակ: Նոր օրենսգրքի ընդունումը չէր բխում առաջին հերթին ՀՀԿ շահերից, քանի որ այս քաղաքական ուժը գործող օրենսգիրքը ամբողջությամբ հարմարեցրել էր իր առջև դրված խնդիրների լուծմանը:
Թվում էր, թե այս անգամ էլ Բյուջե 2019 նախագծի անխնա քննադատությունից հետո ԱԺ-ում ընդդիմության դերը փորձարկող երբեմնի իշխանությունները չեն զլանա տապալել Փաշինյանի կառավարության այսչափ կարևոր փաստաթղթի ընդունումը: Սակայն պետք է նկատել՝ այս անգամ էլ ՀՀԿ-ՀՅԴ հաշվարկը ճիշտ էր կատարվել: Բանն այն է, որ Փաշինյանը ցանկանում էր ոտքը կախ գցել և բյուջեի ընդունումը թողնել գալիք տարվան: Պատճառն էլ հասկանալի է՝ բյուջեի նախագծի ընդունման դեպքում վարչապետը և նրա կաբինետը ստիպված են լինելու կատարել թոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ տված իր խոստումները: Մեկ հայացքը 2019 թվականի բյուջեին հուշում է, որ նման հնարավորություն կառավարությունը չի ունենա, իսկ եթե ունենա էլ՝ ապա պետության կողմից այդ ավելացումները կլինեն խիստ սիմվոլիկ:
Հենց այդ ակնկալիքով էլ խորհրդարանական ուժերը միահամուռ կերպով լավություն, իսկ իրականում՝ վերջին վատությունն են անում Փաշինյանին: Եթե կառավարությունը հետագայում իր տված խոստումները կատարելու հարցում խնդիրների բախվի՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը քննադատության փայլուն առիթներ կունենան: Իսկ նման առիթները երբեք էլ ավելորդ չեն լինում…
Ս.Խաչատրյան