Հիմա պե՞տք է, թե՞ ոնց
ՔաղաքականՆախորդ իշխանությունների ներկայացուցիչներն իրենց պաշտոնավարման տարիներին անընդհատ աչքի էին ընկնում գործուղումներով, ծախսերով, բյուջեի գումարների վատնումով:
Սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներն աչքի անցկացնելիս արձանագրեցինք, որ Փաշինյանն, օրինակ՝ այս ամսվա 12-ին 13 որոշում է ստորագրել, որոնցից 7-ը տարբեր պաշտոնյաների գործուղումներին են վերաբերվում:
Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին գործուղել է Ավստրիայի Հանրապետություն, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին և նրա տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանին՝ Ռուսաստանի Դաշնություն, ՍԱՊԾ ղեկավար Գևորգ Հարությունյանին՝ Գերմանիայի Դաշնություն և այսպես շարունակ:
Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետությունում միշտ եղել և լրջագույն խնդիր է մնում պետբյուջեի ծախսերը, քանի որ հարկատուներն անընդհատ թմբկահարում են այդ թեման՝ այդպիսով ցույց տալով իրենց ուշադրությունը իշխանության քայլերի նկատմամբ:
Ստացվում է, որ մենք նոր իրավիճակի պայմաններում ևս չենք ազատվում գործուղումներից, որոնց գերակշռող մասի նպատակների ու արդյունքների մասին ոչինչ չի հրապարակվում:
Հնարավոր է՝ այս գործուղումներն իրենց հիմնավոր պատճառներն ունեն, սակայն հարց է առաջանում՝ հիմա այդ ծախսերն արդարացված են, առաջ՝ ո՞չ:
Չէ՞ որ բոլորս ենք հիշում, որ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն ընդդիմություն եղած ժամանակ անընդհատ ուշադրության կենտրոնում էր պահում իշխանության ներկայացուցիչների տեղաշարժն ու ծախսերը՝ դրանց տակ անընդհատ կոռուպցիոն ռիսկեր ու պաշտոնեական դիրքի չարաշահման փաստեր տեսնելով:
Ի դեպ, Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն ակտիվ ընդվզում էին նաև ծառայողական մեքենաների դեմ, իսկ այժմ ոչ պակաս ակտիվությամբ օգտվում են այդ նույն մեքենաներից: