Նորատուսցի Արան կարծում է, որ երկրում իրավիճակ է փոխվել
ՀայաստանՀյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրյալ, օրերս կալանքից ազատված Արա Բանդուրյանը, որը հանցագործ աշխարհում առավել հայտնի է Նորատուսցի Արա անունով, անսպասելի է համարում գրավի դիմաց ազատ արձակվելու դատարանի որոշումը։ Գրում է News.am-ը։
«Չեմ սպասել, չեմ էլ իմացել, որ տենց բան կլինի»,– այսօր՝ նոյեմբերի 15–ին, դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Բանդուրյանն ասաց, որ չի ընդունում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքը։
«Չորրորդ մասի մեղքը ընդհանրապես չեմ ընդունում»,– ասաց նա՝ նկատի ունենալով իրեն առաջադրված Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով իրեն առաջադրված մեղադրանքը։
Բանդուրյանը նշեց, որ ազատության մեջ հայտնվելուց հետո մասնակցում է քննչական գործողություններին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցմունք տալ։ Ըստ Բանդուրյանի՝ իր գործողությունների արդյունքում ակումբին պատճառվել է «1580 դրամի գույքային վնաս»։
Հարցին, թե ի վերջո արդարադատության ոլորտում իրավիճա՞կ փոխվել է, հաշվի առնելով նրա՝ կալանքից ազատվելը, Բանդուրյանն արձագանքեց. «Երկիրը փոխվել ա, նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞»։