Արտահերթը ապահովագրվում է. ո՞րն է լինելու հաջորդ թիրախը
АналитическийՎճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին կայացված որոշումով բեկանել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկելու՝ Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը: Բեկանված վճիռը ուղարկվել է հետ՝ Վերաքննիչ դատարան՝ նոր քննության և վճռի համար: Երեկ տեղի է ունեցել ևս մեկ իրադարձություն՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, կալանավորվել է։ Այս դեպքում, իհարկե, ավելորդ չի լինի հարցնել՝ իսկ ի՞նչ է լինելու հանրահայտ 1 միլիարդի հետ. այն վերդարձվելո՞ւ է, թե՞ դրա իմաստն անգամ չկա, քանի որ բոլորն էլ քաջ գիտակցում են, որ ընտրական գործընթացներից հետո նույն Վաչագան Ղազարյանը կրկին կարող է հայտնվել ազատության մեջ:
Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական զսպաշապիկը էլ ավելի հետաքրքիր է դառնում նախընտրական գործընթացների ֆոնին: Սպասելի էր, որ իշխանությունները դեկտեմբերին ընդառաջ ակտիվանալու են՝ փորձելով ապահովել տեսարանները, որոնց լայն հասարակությունը արդեն հասցրել է կարոտել: Քոչարյանի դեմ դատական գործընթացների վերսկսումը երկու հավելյալ նպատակ է հետապնդում. նախևառաջ՝ իշխանությունները փորձելու են ժամանակ շահել, առավել հիմնավոր դարձնելով Քոչարյանի դեմ մեղադրանքը: Այն փաստը, որ վերջին օրերին մեղադրանքը լրացվել է, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ինչպես հայտնի ձայնագրությունում էր ասվում՝ ջուրը շատ է: Մյուս խնդիրը, որն այսօր փորձում է լուծել իշխանությունը՝ Երկրորդ նախագահի՝ ընտրական գործընթացներին ստվերային մասնակցության կանխումն է: Թեև Քոչարյանը հայտարարել է, որ չի մասնակցելու գալիք արտահերթին, դա դեռ չի բացառում նրա կողմից այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուների սատարումը:
Երեկվա դատավարությունից մեկ դրվագ ևս դուրս մնաց հանրության ուշադրությունից: Վճռաբեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշում հրապարակողը դատավոր Լիլիթ Թադևոսյանն էր, որի հայրը՝ Զելիմ Թադևոսյանը, Մարտի 1-ի գործով կալանավորված մի շարք անձանց գործերով հանդիսացել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազ, ինչպես նաև դատարաններում ներկայացրել ու պաշտպանել այդ մարդկանց մեղադրանքները: Ինչպես ասում են՝ սա ևս ճակատագրի հեգնանք է…
Նախընտրական բռնոցիների մեկնարկը հուշում է, որ հաջորդ քայլը լինելու է շաբաթներ առաջ խորհրդարանում Փաշինյանի հիշատակած պատգամավորի կալանավորումը, սակայն դա տեղի կունենա ընտրություններին ավելի մոտ՝ հասկանալի պատճառներով:
Ս.Խաչատրյան