Ես չեմ պատրաստվում զոհ դառնալ սպոնտան որոշումների. Լիլիթ Գալոյանը դատի է տվել Շախմատի ֆեդերացիային
СпортՀայաստանի կանանց շախմատի հավաքականի շախմատիստուհի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատական հայտ է ներկայացրել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի դեմ:
Պատճառն այն է, որ շախմատիստուհին չի ընգրկվել հավաքականի ցուցակում: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գալոյանը նշեց, որ դատարան հայտ ներկայացվել է նոյեմբերի 14-ին:
Այն հարցին, թե ինչպես է պարզաբանել ֆեդերացիան, շախմատիստուհին նշեց.
«Ֆեդերացիայում նշել են, որ մարզիչների առաջարկությունների հիման վրա նրանք կատարել են իրենց որոշումը։ Որ որոշման հիման վրա է դա տեղի ունեցել, ֆեդերացիան մինչ այժմ փաստաթուղթ չի ներկայացրել: Նշվում է, որ դեկտեմբերին նման որոշում է եղել, բայց ովքեր են ներկա եղել այդ որոշմանը և նման որոշում կայացնելու ինչ իրավասություններ ունեն, չկա պատասխան»,-ասաց Գալոյանը:
Շախմատիստուհին նաև հավելեց, որ դեկտեմբերյան նիստի մասնակիցների հետ անհատական զրույցներում նշվում է, որ որոշումը եղել է սպոնտան։
«Ես չեմ պատրաստվում զոհ դառնալ սպոնտան և կանոնադրությունից դուրս հորինված որոշումների: Թե ինչով է առաջնորդվել այդ խումբը, որին ներկա է եղել նաև ֆեդերացիայի նախագահը` չգիտեմ: Քանի որ ֆեդերացիայից անձամբ ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել, անգամ պետական կառույցների հայցադիմումները և իմ իրավաբանի հայցադիմումը փաստաթղթերի ներկայացման մնացել են անպատասխան։ Այդպիսով որոշումների օրինականությունը վիճարկելու համար դիմել եմ դատարան»,- հավելեց Գալոյանը: