Օսիպյանը՝ Վահագն Հարությունյանին և Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին
Իրավունք ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձել է հարցին, թե ինչու Մարտի 1-ի գործով մեղադրյալ, միջազգային հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին չեն հայտնաբերում այն դեպքում, երբ հարցազրույցներ է տալիս միջազգային լրատվամիջոցներին։ Հարցին ի պատասխան, ի՞նչն է դրա պատճառը, արդյոք Ինտերպո՞լն է թերի աշխատում, Օսիպյանն ասաց. «Հետախուզվողներ են լինում, որոնց համար տարիներ են պետք։ Այնպիսի հանգամանքներ են լինում, երբ հետախուզվողներ են լինում, որոնք ամիսներ, տարիներ անց նոր հայտնաբերվում են»։
Պատասխանելով դիտարկմանը, որ Վահագն Հարությունյանին գտնվելու վայրը հայտնի է, ՌԴ–ում է, ոստիկանապետը նշեց. «Մեր գործընկերների հետ սերտ համագործակցում ենք»։
Հարցին՝ արդյոք նույն Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և Վահագն Հարությունյանի գտնվելու միևնույն վայրը կարո՞ղ է նրանց չհայտնաբերելու պատճառ դառնալ, Օսիպյանն ասաց, որ ինքն ապաքաղաքական կառույց է ներկայացնում ու չի ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել։ «Դա միգուցե զուգադիպություն է»,- ասաց նա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար: Նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»: