Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը․ Կարեն Օհանջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ԲլոգոսֆերաԼեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբեք չէի մտածի, որ Հայաստանի ղեկավարը երբևէ կարող է հասնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չարության այնպիսի մակարդակի, ինչպես հիմա է տեղի ունենում: Հայաստանի ոչ մի ղեկավար, ոչ մի պաշտոնատար անձ երբեք իրեն թույլ չի տվել անհիմն հրապարակային պատիժ կազմակերպել Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների նկատմամբ: Պարոն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, ո՞վ է Ձեզ թույլ տվել հարազատ պետության ղեկավարին անհարիր կերպով արտահայտվել Արցախի ղեկավարների հասցեին: Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը:
Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել է մեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա: Ես արտահայտում եմ Արցախում էական թվով մարդկանց կարծիք, որոնք վրդովված են Ձեր պահվածքից և պահանջում են Ձեզնից ճանաչել սեփական չափը և այն, թե որտեղ են ավարտվում ձեր իրավասությունները:
Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք մեր ժողովրդից հասցված վիրավորանքների և մեր ժողովրդի ազգային անվտանգության մակարդակն իջեցնելու համար:
Հանդիսանալով Արցախում թավշյա հեղափոխության ամենամեծ քարոզիչը, այս մի քանի օրերի ընթացքում Դուք տարված լինելով նախընտրական արշավով՝ արեցիք ամեն հնարավորը, որպեսզի այնպիսի մարդիկ, ինչպիսին ես եմ, սկսեն մեջքով շրջվել Ձեզ և սիրո հեղափոխության գաղափարին:
Ձեր բերանից սիրո և հանդուրժողականության քարոզի փոխարեն՝ ատելություն է հոսում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր ինչ-որ հարցերում համաձայն չեն Ձեր հետ:
Հանդուրժողական եղեք և հետևեք ապրիլյան հեղափոխության ոգուն: Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, ապա իմացեք մեկ բան` մենք պաշտպանում ենք մեր իրավունքը՝ որոշելու՝ ինչպես ապրել, ում ընտրել և ում կարդալ: Եվ Աստված հեռու տանի, եթե որևէ մեկը փորձի դրսից միջամտել և թելադրել մեզ` ինչպես ապրել: Դեռ մնում եմ ապրիլյան թավշյա հեղափոխությանը հավատարիմ: Անկեղծ՝ Ձեր Կարեն Օհանջանյան»