Ես սովոր եմ ծանր փորձությունների. Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարդաց երկրորդ նախագահի հայտարարությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Վերաքննիչ դատարանը կայացրեց այնպիսի վճիռ, որի իրականացման արդյունքում հայտնվելու եմ կալանքի տակ։ Այդ վճիռը քաղաքական որոշման արդյունք է, կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրող կողմը դատարանում ներկայացնում էր դատախազների 6 հոգանոց խումբը՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ բան է։ Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի ու ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլն, առանց դատարանին սպասելու, վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։
Ես և թիմակիցները վաղուց հայտարարել ենք՝ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնական հաշվեհարդար, վենդետա իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսված ձայնագրությունները։
Անցածս ուղին, կառավարման արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։
Բացի այդ, պարզ է, որ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր ճանաչել։
Վստահ եմ, որ վաղ, թե ուշ հասնելու եմ ազատության, վստահ եմ՝ ապացուցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված ապօրինի ու լկտի հետապնդման բոլոր հեղինակները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ ու դա լինելու է մոտ ապագայում։
Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բանտում։ Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների, և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։
Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը ստիպված եմ նվիրել պայքարի՝ հանուն ազատության և արժանապատվության»։