Պուտինը լռում է. ակնարկ պաշտոնական Երևանին
ՎերլուծականՀայաստանի կառավարությունը եւ ժողովուրդը շնորհավորանքներ են ստանում աշխարհի տարբեր երկրներից ու ղեկավարներից՝ խորհրդարանի ընտրության կապակցությամբ: Շնորհավորել են Հայաստանի առանցքային գործընկեր պետությունները, եւ առայժմ չկա ՌԴ նախագահի շնորհավորանքը: Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրություններից հետո ռուսական կողմը առաջին շնորհավորողն էր: Այժմ Պուտինը հապաղում է և դրա համար առկա են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Կասկած անգամ չկա, որ ռուսական կողմը կարթնանա թմբիրից և շնորհավորանքը, այնուամենայնիվ, կհասնի հասցեատիրոջը, սակայն այս հապաղումը արդեն իսկ մեսիջ է հայկական կողմին, որով Կրեմլը արտահայտում է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունններին՝ իր գնահատականը: Ռուսաստանը, ըստ ամենայնի, այնքան էլ ոգևորված չէ նախորդ համակարգի քաղաքական ֆիասկոյով: Ի դեպ, շնորհավորանքների օպերատիվության մասին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապացությամբ շնորհավորանքն իրեն երկար սպասեցնել չտվեց, ավելին՝ հրապարակվեց Կրեմլի պաշտոնական կայքում:
Ռուսական կողմից արձագանքել է միայն ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն: Մենք առայժմ չգիտենք, թե ինչ քաղաքական կուրս կորդեգրի նոր ղեկավարությունը, բայց ինքնին փաստը, որ իշխանափոխությունը տեղի ունեցավ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, պետք է միայն ողջունել»,- նշել է Ժիրինովսկին: Գաղտնիք չէ, որ Ժիրինովսկին իր ողջ էքսցենտրիզմով հանդերձ, Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակն է: Կարելի՞ է արդյոք ասել, որ ռուսական կողմը հենց Ժիրինովսկու շուրթերով է արտահայտում իր մոտ առկա մտահոգությունները՝ կապված նոր իշխանությունների կողմից որդեգրվելիք քաղաքական կուրսի կապակցությամբ: Եթե դա իրապես մտահոգում է ռուսական կողմին, ապա պետք է շտապեն՝ Արևմուտքը՝ ի դեմս ԵՄ-ի, ԱՄՆ-ն և Գերմանիայի կանցլեր Մերկելն արդեն իսկ արտահայտել են իրենց դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ՝ ողջունելով դրանք և շնորհավորելով Փաշինյանին՝ վստահ հաղթանակի կապակցությամբ:
Վերջերս բավական մեծ աղմուկ էր բարձրացել այն կապակցությամբ, որ Վլադիմիր Պուտինը հաղթանակի օրվա կապակցությամբ չէր շնորհավորել Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարներին: Պուտինի խոսնակ Պեսկովը նշել էր, որ նման վերաբերմունքը պայմանավորված է նրանց հետ երկխոսության անհրաժեշտ մակարդակի բացակայության պատճառով, սակայն դա չի վերաբերվում այդ երկրների ժողովուրդներին: Իրավիճա՞կ է փոխվել…
Ստելլա Խաչատրյան