«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը կվերապատրաստվի Բելգիայում
ՍպորտԴեկտեմբերի 16-ին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա, որտեղ մինչև դեկտեմբերի 23-ը վերապատրաստում կանցնի «Սենտ Թրույդեն» ակումբում: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի կայքը:
Ծրագրի շրջանակներում մեր մարզիչը կծանոթանա բելգիական ակումբի ենթակառուցվածքներին, ակադեմիայի աշխատանքին, պատանեկան և գլխավոր թիմերի մարզումային գործընթացին:
Միևնույն ժամանակ, Արամ Ոսկանյանը ներկա կգտնվի «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների` «Գենտի» (Բելգիայի գավաթ, դեկտեմբերի 18) և «Կորտրեյկի» (Բելգիայի առաջնություն, դեկտեմբերի 22) դեմ:
Ճապոնական DMM ընկերությանը պատկանող «Սենտ Թրույդեն» ակումբն ընթացիկ առաջնության 18 տուրերից հետո ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Թիմի գլխավոր մարզիչն է 56-ամյա բելգիացի Մարկ Բրիսը, ով ժամանակին աշխատել է նաև Հոլանդիայում և Սաուդյան Արաբիայում: