Նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման մասնակիցը 600 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
ԻրավունքՆորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալված Մերուժան Ոսկանյանը 600 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը և տեղեկացրեց, որ գործով կա նաև երկու կասկածյալ, որոնց նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկանյանը և գործով մյուս մեղադրյալ Գոռ Հակոբյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: