«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը. հայտարարություն
Политические«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ աջակցելու են նորընտիր իշխանությանը:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ:
Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում՝ հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունը աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը:
Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին»:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով վերանշանակվել է արդարադատության նախարար: