Իմ երգով քննադատել եմ մեր իրականությունը․ Աննա Խաչատրյանը՝ «Գրող ու սև ցավ» երգի մասին (տեսանյութ)
VideoՀայկական երգարվեստում փորձառու երգչուհիներից մեկը՝ Աննա Խաչատրյանն օրերս ներկայացրել է իր նոր՝ «Գրող ու սև ցավ» երգի տեսահոլովակի։ Երգը և տեսահոլովակն ամբողջությամբ դրական և բարձր տրամադրություն են ապահովում։ Երգի խոսքերի հեղինակը հենց Աննան է, իսկ երաժշտությունը գրել է Նիկ Եգիբյանը։ Երգչուհին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ վաղուց էր ցանկանում անել մի բան, որը հայ ժողովրդի պատկերացրած տեսահոլովակ հասկացությունից փոքր ինչ կտարբերվեր։
«Ես հոգնել եմ երգից, երաժշտությունից բացասական էներգիա ստանալուց։ Ես ցանկանում եմ ավելի ուրախ տրամադրություն փոխանցել, ավելի հումորային, ոչ թե հուզիչ ու լացակումած։ Երգը գրելու ընթացքում թեկուզև երաժշտությունն ուրախ էր, բայց բառերից ստացվում էր, թե ես տանջվում, տառապում եմ, ես էլի սիրահարված եմ և ինչ-որ մեկին կանչում եմ, բայց նա չի գալիս՝ ես էլ ասում եմ՝ դե չի գալիս գրողին գա (ժպտում է, խմբ.), այդպես էլ դարձավ երգի անվանումը՝ «Գրող ու սև ցավ»»,- պատմելով երգի ստեղծման ընթացքից ասաց Աննան։
Երգչուհին անդրադառնալով արձագանքներին, youtube-յան ալիքի մեկնաբանություններին, որոնց մեջ նաև հանդիպում են քննադատություններ, նկատեց, որ հումորով է վերաբերվում դրանց, քանի որ երգը ստեղծելիս նա որևէ լուրջ էմոցիաներ չի ներդրել։
«Մարդիկ չգիտես ինչու շատ լուրջ են վերաբերվում այս ամենին։ Գրում են՝ հայերենում գեղեցիկ նախադասությունները վերջացե՞լ են: Մարդիկ կան, որ գրում են ուղղակի գրելու համար, կամ էլ պարզապես պարապ են։ Ներողություն եմ խնդրում նրանցից, որ իրենց սպասելիքները չեմ արդարացրել։ Ես ցանկանում եմ աշխատանքային ընթացք, հետաքրքիր պահեր, հիշողություններ։ Իհարկե, ոչինչ չի բացառվում, եթե հայտնվի այնպիսի երգ, որը կլինի ինձ համար հոգեհարազատ, ասելիք կունենամ այդ երգով՝ կկատարեմ նաև դա։ Այս տեսահոլովակով ես ուղղակի դրական լիցքեր եմ փոխանցում»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ինչու գլխավոր հերոսուհուն հենց նա չի մարմնավորում, երգչուհին նկատեց, որ տեսահոլովակը ծայրից ծայր չափազանցություն է և տեսահոլովակի բովանդակության համապատասխան է ընտրվել հերոսուհին․ «Տեսահոլովակում դերերով փոխված էին աղջիկն ու տղան։ Հիմա կյանքում էլ է այդպես՝ աղջիկներն են ընկած տղաների հետևից, և ես դա աննորմալ եմ համարում ու իմ երգով ծաղրում եմ մեր իրականությունը, հումորի միջոցով քննադատում այն։ Այսինքն այն գրոտեսկային իրավիճակները, որ կյանքում նորմալ չեն՝ հավաքել եմ և դարձրել ուրախ տեսահոլովակ»։
Վերջում երգչուհին ցանկացավ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանցից, որոնք օգնել են ամբողջ աշխատանքի ընթացքում․
«Այն մարդիկ, որոնք ինձ քննադատել են, նրանց ևս շնորհակալություն եմ հայտնում․ առողջ քննադատությունը ինձ համար միշտ ընդունելի է։ Կուզեմ շնորհակալություն հայտնել նաև իմ ընկերներին՝ Մաշային, Մարկին, Արտակ Մարտիրոսյանին, Վիգեն Ահարոնյանին, Նարեկ Մելիքյանին և Արսեն Գևորգյանին, եթե նրանք չլինեին այդ տեսահոլովակը չէր ստացվի այն, ինչ ստացվել է»։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ