Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է երկու ժամ
ПолитическиеՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստում ելույթով է հանդես եկել: Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ:
«Նա մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, դա մասնավորապես իրավիճակ էր, երբ բավական շատ տեղեկատվություն էր ստացվում, թե աշխատանքներ են տարվում, որ բանակայինները միանան ցուցարարներին, որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը ԵԿՄ ղեկավարն էր, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որ Երկրապահներն էլ միանան ցուցարարներին, այդ պայմաններում ինքը ցուցում է տվել պաշտպանության նախարարին, որ նա ապահովի բանակի չեզոքությունը»,- ասաց Ալումյանը:
Փաստաբանը նշեց, որ ոչ թե հրամանագիր է եղել կամ կարգադրություն, այլ նա ժողով է հրավիրել, ցուցում է տվել, ասել է` գնացե՛ք, ապահովե՛ք, որ բանակը այս գործընթացներին հանկարծ չխառնվի:
Դիտարկմանը` դա նշանակո՞ւմ է, որ ողջ մեղքն ընկնում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա, նա տվեց հետևյալ պատասխանը.
«Նշված հրամանը իր մեջ չի պարունակում որևէ դրույթ, որի համար կարելի է, դա իմ համոզմունքն է, պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, նույնիսկ նախատել, չկա այդպիսի դրույթ, ձեզ այդ հրամանի մասին բացարձակ ապատեղեկացրել են»: