Ազգ-զուգարանի թուղթ. պաշտոնյա, որը ծաղրում է ազգային արժեքները

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը հիմնականում քննադատվում է նրա կադրերի ցածր պրոֆեսիոնալիզմի պատճառով, սակայն վերջին շրջանում նկատվում է թերևս ավելի բացասական միտում, քան սեփական աշխատանքին վատ տիրապետելն է, այն է՝ արժեքային համակարգի դեմ ոտնձգությունները, որոնք գնալով ավելի ու ավելի հաճախ են նկատվում «իմ քայլականների» կողմից:
Հիշում եք, չէ՞ ինչպես էր տրանսպորտի փոխնախարարը աղավաղում տերունական աղոթքը՝ ակնհայտ կերպով ծաղրի ենթարկելով քրիստոնեական արժեքները, աղոթում Լարսի բացման համար՝ դրանով իսկ ապացուցելով, որ իր զբաղեցրած պաշտոնում ինքն առանձնապես անելիք չունի, և հազարավոր վարորդների խնդրի լուծումը մնում է Աստծո բարեհաճությանը: Վերջին «ծանր դեպքն» էլ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն է:
Իրեն աթեիստ հռչակած այս անձը որևէ քննադատելի բան չի տեսնում համացանցում Քրիստոսի նկարի տակ ծաղրելի մեկնաբանություն անելու մեջ: Ի դեպ, սա այն նույն անձն է, ով ամիսներ առաջ էլ ծաղրում էր ազգ-բանակ կոնցեպտը, առաջարկելով իր տարբերակները՝ ազգ-զուգարանի թղթից մինչև ազգ-լվացքի մեքենա: Կարծում ենք՝ այդ փաստը բավարար է պատկերացում կազմելու՝ Նիկոլ Փաշինյանի կադրի արժեհամակարգի մասին: Մի բան ակնհայտ է՝ որքան էլ որ բանակում առկա լինեն խնդիրներ՝ բանակը հայ ժողովրդի համար հանդիսանում է իրավամբ ազգային արժեհամակարգի կարևոր բաղադրիչ և զինված ուժերի նկատմամբ նման վերաբերմունքը պարզապես անընդունելի է:
Ինչպես երևում է՝ փոխնախարար Փամբուխչյանի սխալը իմքայլականների համար այդպես էլ դաս չդարձավ և համապատասխան հետևանքներ չարվեցին: Հետաքրքիր է, իսկ Օհանյանը Փամբուխչյանի օրինակով չի՞ պատրաստվում ներողություն խնդրել: Եթե վերջինս չի համարում, որ սխալ է գործել, գուցե այդ մասին նրան հուշեն թիմակիցները, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ նմանատիպ արժեհամակարգով անձանց մուտքը պետական կառավարման ապարատ՝ որոշակի միտում ունի…

