Մեղադրանք է առաջադրվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնյային․ Նաիրա Հարությունյան
ԻրավունքՔննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցներ համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա նշեց, որ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար:
Մասնավորապես՝ քաղաքացին բազմաթիվ անգամներ նամակով դիմել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժին, հայտնելով, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող իր հողամասերը բնության մեջ և էլեկտրոնային քարտեզում գտնվում են տարբեր իրադրական դիրքում:
Քաղաքացին պահանջել է հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում (էլեկտրոնային քարտեզում)՝ պահպանելով գծային չափերը և մակերեսը, սակայն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում նրա պահանջը անտեսվել է:
Հարությունյանի խոսքով` քաղաքացին նշված հանգամանքը վիճարկվել է ՀՀ վարչական դատարանում և վերջինիս հայցապահանջի հիման վրա ՀՀ վարչական դատարանը 2017 թվականի հուլիսի 7-ին վճիռ է կայացրել, որով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պարտավորեցրել է քաղաքացուն պատկանող հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում պահպանելով գծային չափերը և մակերեսը, ինչը սակայն կառույցի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից չի կատարվել: