Նախընտրական «փուչիկները» պայթում են
AnalyticalՆիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերի 28-ին Իջևանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսելով յուրացումների, հարուցված քրեական գործերի և պետական բյուջե վերադարձվելիք գումարների մասին, հայտարարել էր, որ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն՝ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը պետությանը նվիրելու հարցով։ «Կա հարուցված քրգործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև որոշակի հանրային վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորության համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել»,- ասել էր Փաշինյանը։ Վերջինիս խոսքով, Մանվել Գրիգորյանի փաստաբանները նույնպես հանդես են եկել հայտարարությամբ, որ Գրիգորյանը պատրաստ է 5 միլիարդ դրամի գույք նվիրել պետությանը:
Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկելու նախկին իշխանություններից վերադարձնելու ժողովրդից թալանվածը, ընդ որում` վերադարձնել «կոպեկ առ կոպեկ»: Նա մի քանի անգամ հրապարակային ելույթներում նման հորդորով դիմել էր նախկին իշխանության ներկայացուցիչներին: Սակայն ակնհայտ է, որ բացի վերը նշված երկու պաշտոնյաներից՝ մյուսները դեռևս հերթ չեն կանգնել իրենց գույքը պետությանը վերադարձնելու համար:
Գուցե այն պատճառով, որ այդ գործընթացի համար Փաշինյանը չուներ և չունի որևէ իրավական լծակ և գույքի վերադարձը կարող էր իրականություն դառնալ միայն ստվերային համաձայնության արդյունքում: Իհարկե, չի բացառվում, որ նման համաձայնություն իսկապես եղել է, սակայն ընտրություններից հետո իրավիճակ է փոխվել և տեսնելով Նիկոլ Փաշինյանի՝ օրեցօր թուլացող դիրքերը՝ պաշտոնյաները որոշել են հետ կանգնել այդ պայմանավորվածություններից: Մյուս կողմից էլ, կարելի է ենթադրել, որ նման համաձայնություններ ընդհանրապես չեն եղել, և տվյալ հայտարարություններն արվել են ընդամենը նախընտրական շրջանում էյֆորիան պահպանելու, հանրությանը Սաշիկի 30 միլիոնով և պաշտոնյաների կուլակաթափությամբ հեղափոխության իդեալների շուրջ համախմբված պահելու համար: