ԱԺ հանձնաժողովը նախատեսում է ՊՆ-ի հետ քննարկել զինծառայությանը անհամատեղելի առողջական խնդիրների ցանկը
SocietyՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախատեսում է Պաշտպանության նախարարության հետ քննարկել զինծառայությանը անհամատեղելի առողջական խնդիրների ցանկը: Այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ես այն տեսակետին եմ, որ հայկական բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջ զորակոչիկները, ուրիշ բան, որ ամբողջ այդ կոնցեպտը պետք է ՊՆ-ի հետ վերանայվի, բայց մենք պետք է նայենք նաև մեր ռեսուրսների կորստի հնարավորությունը, որովհետև կատարյալ առողջն իմ պատկերացմամբ ամեն ինչում է առողջ, բայց կան նաև հիվանդություններ, որոնք գուցե շարային ծառայության համար պիտանի չլինեն, բայց պիտանի լինեն այլ ծառայության համար: Այնպես որ կարծում եմ ծառայության ամբողջ համակարգը վերանայելու անհրաժեշտություն կա, և ՊՆ-ի հետ մեր առաջնահերթ ծրագրերի մեջ պետք է պլանավորենք նաև այդ հարցը»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ պետք է մշտապես վերանայել նաև այն հիվանդությունների շարքը, որոնցով զորակոչիկը ազատվում է զինծառայությունից: