3 խնդիր միանգամից լուծվեց
ЭкономикаՀՀ կառավարությունը երեկ հաստատեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ավտոգազալցակայաններում ակցիզային հարկը հաշվարկել ոչ թե սպառողին հասցված գազի ծավալով, այլ` քաշով: Այսպիսով՝ ԱԳԼՃԿ–ներում գազն ապրիլի 1-ից վաճառվելու է ոչ թե խորանարդ մետրով, այլ` կիլոգրամով։ Սակայն, այս որոշումն այնքան էլ միանշանակ չընդուվեց հանրության կողմից:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի կարծիքով կառավարության այս որոշումն ի վերջո կբալանսավորի տնտեսվարող սուբյեկտների և սպառողների շահերը: «Լիարժեքորեն օգուտը լինելու է սպառողների համար, քանի որ տարբեր լցակայաններից օգտվելու դեպքում միշտ այնպես է լինում, որ ճնշումն ավելացնելով իմիտացիա էին ստեղծում, թե շատ են գազ լցնում, մինչդեռ այդպես չէ: Շատ ժամանակ սրանք անվտանգության ռիսկեր են առաջացրել պայթյունների տեքսով»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց Մակարյանը:
Տնտեսագետը վստահեցնում է՝ կիլոգրամի միջոցով վաճառքի դեպքում հստակ հայտնի է լինում գազի քաշը և սպառողն էլ կարողանում է ստանալ այն թույլատրելի սահմանով գազը, ինչը որ անհրաժեշտ է:
Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին՝ վաճառողներին, Գագիկ Մակարյանը պարզաբանում է, որ այն մարդիկ, որոնք աշխատում էին առանց խախտումների, ո՛չ շահ կունենան, ո՛չ կկորցնեն, իսկ այն մարդիկ, որոնք խաբում էին սպառողներին, բնականաբար, հիմա գալու են նորմալ դաշտ և իրացնելու են ապրանքը օրինական կերպով. «Այս պարագայում արդեն տուժել չէ, մարդիկ խաբում են սպառողին և փորձում են ավել եկամուտ ստանալ, հիմա էլ նորմալ կերպով են սկսելու աշխատել: Այսինքն` պետությունն այլևս թույլ չի տալիս սրանից ավել գերազանցել եկամտաբերությունը»:
Տնտեսագետն այս որոշումը կարևորում է նաև նրանով, որ այսուհետ հավասար մրցակցություն է լինելու դաշտում. «Վարորդներն ասում էին՝ այսինչ լցակայանի գազը լավը չէ, և գնում էին մեկ այլ տեղից գազ լցնելու: Այսպիսով, 3 խնդիր միանգամից լուծվել է. ես դա ողջունում եմ»:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ