Դարձյալ «քյարթուներն» են հաղթել. օրինաչափությու՞ն, թե՞ հեղափոխության նահանջ
PoliticalԵրեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 24 համայնքում, որոնցից 20-ում կայացել է համայնքի ղեկավարի, իսկ 4-ում՝ ավագանու անդամի ընտրություններ։ Թեև ընտրությունների ողջ ընթացքն, ընդհանուր առմամբ, եղել է առանց անօրինականությունների, բայց և այս ընտրության արդյունքները զարմանալի և անսպասելի էին, քանի որ որոշ համայնքներում հաղթանակ տոնեցին նրանք, որոնք իշխանափոխությունից հետո հարկադրված, հանրության ճնշումների ներքո հրաժարական էին տվել։
Ասվածի վառ օրինակը Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի և Արմավիր մարզի Վարդանաշեն համայնքի նախկին ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մանուկյանի վերընտրվելն է։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծիք հայտնեց, թե ՏԻՄ ընտրությունները ապացուցում են, որ ժողովրդին արդեն հոգնեցրել է հեղափոխություն բառը։
«Նախկին ղեկավարների վերընտրվելը նորմալ է։ Մի բան է, երբ ընտրվում է Նիկոլ Փաշինյանը, ինչպես եղավ ԱԺ ընտրություններում, մեկ այլ բան է փոքր համայնքներում ընտրությունը․ այնտեղ բոլորն իրար ճանաչում են։ Այս հեղափոխությամբ ծնվածները փորձում են մրցել, ինչպես ասում են, հին, «քյարթու» դեմքերի հետ, այն էլ փոքր տեղերում, որտեղ բոլորն իրար ճանաչում են։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնար, ասեր համարեք ինձ եք ընտրում, էլի կընտրեին, որովհետև նրա վարկանիշը դեռ շատ բարձր է մնում, բայց պարզ է, որ թիմի վարկանիշը սրընթաց ընկնում է տարբեր պատճառներից ելնելով»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։
Վերջինս նկատեց, որ առանձնապես էական չէ, թե ՏԻՄ ընտրություններում՝ ով կընտրվի որպես ղեկավար․ «Սովորաբար ՏԻՄ ղեկավարները, կոպիտ ասած, պառկում են օրվա իշխանությունների տակ։ Նախկին հանրապետականներն էլ կուսակցություններից դուրս գալով ապացուցեցին դա։ Նրանք ոչ միայն հրաժարվել են ՀՀԿ-ից, այլ փորձել են մտնել ՔՊ, և քանի որ այժմ այդ կուսակցություն ընդունելությունը փակված է, նրանք մնացել են անտեր անկուսակցականներ»
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ