Հրազդանի քաղաքապետարանի hարկային բաժնի նախկին պետը ձերբակալվել է 138 մլն դրամի չարաշահման կասկածանքով. խոսնակ
ԻրավունքՓետրվարի 24–ին չարաշահումների կասկածանքով ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի hարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը:
Նրա խոսքով` նույն գործի շրջանակներում հարցաքննվել են մի քանի աշխատակիցներ. «2018 թվականին Հրազդանի քաղաքապետարանում Perfect Аudit ընկերությունը ստուգել էր քաղաքապետարանի վերջին երեք տարվա գործունեությունը և հայտնաբերել էին խախտումներ, որոնք կապված են եղել գույքահարկի և հողի հարկի հետ»,- փոխանցեց խոսնակը։
Նա նշեց՝ միայն հարկային բաժնում վերջին 3 տարում հայտնաբերել են 138 միլիոն դրամի չարաշահում․ «Թե ինչպես է մեխանիզմը գործել, չգիտենք, բայց փաստը այն է, որ այդքան խախտում է կատարվել, քաղաքացիները վճարել են, կտրոնները կան, բայց իրենց անունով փաստացի պարտքեր են կուտակվել»,– ասաց Պողոսյանը։