Թալանել են գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը․ տարել են նրա թանկարժեք իրերը, հագուստը, հրացանը
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել է առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրած, այնուհետև մտնելով ներս, հայտնաբերել է տունը տակնուվրա արված:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տան սենյակներից գողացել են տարբեր տեսակի իրեր, առարկաներ, բնանկարներ և այլ թանկարժեք ապրանքներ: Նրանք գողացել են նաև ամուսնուն՝ 40-ամյա Կարեն Գրիգորյանին պատկանող հագուստները, ինչպես նաև «Վինչեստեր» տիպի հրացանը ՝ պատյանի և փաստաթղթերի հետ:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Կ. Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը: