Երևանը պետական բյուջեից դոտացիա է ստանում. Վարազդատ Կարապետյան
ՔաղաքականՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ՏԻՄ-ին՝ տնտեսության զարգացման գործառույթում մասնակցելու համար շահագրգռելու նպատակով առաջարկելու է օրենսդրական որոշակի փոփոխություններ:
Ծավալված քննարկմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
«Կարևոր հարցերից մեկը, որի մասին մտածում ենք, ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունն է: ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին գործող օրենքն ակնհայտ խնդրահարույց է: Երևանը պետական բյուջեից դոտացիա է ստանում: Մենք դեմ չենք, որ Երևանը պետբյուջեից ինչ-որ գումար ստանա, բայց պետք է դոտացիա չլինի: Ֆինանսական համահարթեցումն իր տրամաբանությունից շեղվել է»,-ասաց Կարապետյանը:
Կարապետյանը տեղեկացրեց, որ մտածում են նաև ՀՀ ֆինանսական համահարթեցման օրենքի մեջ այնպիսի դրույթներ ավելացնել, որոնք կշահագրգռեն համայնքների ղեկավարներին, որպեսզի զբաղվեն համայնքներում նաև տնտեսության և գյուղատնտեսության զարգացմամբ: Այսինքն, որ ՏԻՄ-ը տնտեսական զարգացման գործառույթին մասնակցելու ինչ-որ շահագրգռություն ունենա: