Բացահայտվել է զենքի գործադրմամբ` անչափահասի մասնակցությամբ ավազակությունը
ПравоՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում 2019թ. փետրվարի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Մասիսի քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քրեական գործի նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին: Խանութի սեփականատերը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Նախնական տվյալներով՝ ժամը 3.20-ին դիմակավորված երկու անձինք մուտք են գործել խանութ: Նրանից մեկը մոտեցել է խանութում նստած տարեց տղամարդուն, դանակը պարզել վերջինիս ուղղությամբ, իսկ մյուսը խանութի վաճառասեղանի դարակից գումար և մի քանի տուփ ծխախոտ է վերցրել, որից հետո դիմել են փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են նույն գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 2001թ.: Վերջիններս ձերբակալվել են՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով: Պարզվել է նաև հանցագործության ժամանակ օգտագործված դիմակները պատրաստող անձի ինքնությունը, ով ևս նույն գյուղի բնակիչ է՝ ծնված 2001թ.:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են դեպքի պահին երիտասարդների հագին եղած հագուստները:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի մասնակցությամբ կատարվել է նաև տեղանքի զննություն, որի ժամանակ դիմակի պատրաստման վայրից հայտնաբերվել և վերցվել են դիմակի կտրած կտորներ, իսկ դիմակի պահման վայրում հայտնաբերվել է նաև մեկ հատ սև դիմակ:
Հարցաքննվել են մի շարք անձինք: Առգրավվել են նաև խանութի տեսանկարահանող սարքի ձայնագրությունը և ենթարկվել զննության: Խանութի սեփականատիրոջ՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքն ստուգելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: