Ողբերգական վրաերթ Արտաշատում․ 58-ամյա հետիոտնը տեղում մահացել է
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մարտի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում. հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 97 տան դիմաց վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին:
Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ճամապարհային ոստիկանության և քննչական խմբի հետ համագործակցելով, պարզել են, որ վրաերթը կատարվել է ВАЗ 21 07 մակնիշի 35 GՍ 165 համարանիշի ավտոմեքենայով:
Մինչ ոստիկաններն ու քննիչները կմեկնեին նշված ավտոմեքենայի հետևից, ոստիկանություն է ներկայացել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Վրեժ Վարդանյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, իսկ դեպքի վայրից հեռացել է, քանի որ վախեցել է, որ վրաերթի ենթարկվածի հարազատները հնարավոր է՝ վրեժխնդիր լինեն իր նկատմամբ:
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ Վ. Վարդանյանի փոխարեն մեկ ուրիշն է եղել վարորդը: