Սիրիայում ականի պայթյունից վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է
ԱշխարհԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը հայտնեց, որ վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է:
«Տուժածն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան: Տուժած սակրավորը Սիրիայում առաքելություն էր իրականացնում փետրվարի 8–ից։ Նա հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնած 83 մարդուց բաղկացած խմբի կազմում էր»,- նշեց Էլբակյանը։
Հիշեցնենք, որ պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Տուժած սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում: