Ինչո՞ւ Էրդողանը որոշեց հայերեն գրառում կատարել
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ ցավակցություն հայտնելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Սա թեև մեծ ոգևորություն էր առաջացրել հայերի շրջանում , սակայն հարց է առաջնում՝ ինչո՞ւ է Թուրքիայի նախագահը, որն անթաքույց հակահայ գործիչ է և անգամ միջազգային ամբիոններն է օգտագործել հակահայակական կոչերի համար, այսօր հայերեն գրառում է կատարում իր թվիթերյան էջում։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ Էրդողանի գրառումն ամենևին նրա կողմից հայամետության դրսևորում չէ և պետք չէ այս գրառմանը մեծ նշանակություն տալ, քանի որ սա համաշխարհային լիդերների PR տեխնոլոգիաների մաս է կազմում․ «Էրդողանի թիմը նրա կերպարին որոշակի հանդուրժողականություն հաղորդելու համար կարող էր սա օգտագործել քարոզչական նպատակներով, ասելու՝ տեսեք Էրդողանն ինչ հավասար է մոտենում իր քաղաքացիներին, անկախ կրոնական պատկանելությունից և անգամ հայերեն գրառում է կատարում։ Քարոզչամեքենաները՝ տոլեռանդություն հաղորդելու համար երբեմն նման գործիքներ կիրառում են, բայց գիտենք, որ Էրդողանը հստակ հակահայ գործիչ է, և մենք պետք է տեսնենք Էրդողանի հակահայկականություն դրսևորող ելույթները, ոչ թե իր աշխատակազմի կողմից հայերեն արված թվիթերյան գրառումը»,- նշեց թուրքագետը։
Վերջինս Էրդողանի կողմից հայարեն գրառում կատարելու հնարավոր պատճառներից է համարում նաև թուրքական պետության ավանդույթը, որը դրսևորվել է դարեր շարունակ Պոլսո հայոց պատրիարքների նկատմամբ․
«Պոլսո հայոց պատրիարքը համարվել է հայ ազգի ղեկավար և սուլթանները, նախագահները պատրիարքի հետ շփվել են ոչ միայն որպես հոգևորականի, այլև՝ որպես համայնքի դե ֆակտո ղեկավարի։ Նրա ընտրության ժամանակ պետությունը շնորհավորում է, մահվան դեպքում՝ ցավակցական հեռագրեր են հղում։ Էրդողանը շարունակել է պետական արարողակարգի այդ մշակված գիծը։ Այստեղ որևէ զարմանալի բան չկա և հայամետության մասին խոսելը տեղին չէ»,- նշեց Մելքոնյանը։
Մեկ այլ պատճառ էլ քաղաքագետը տեսնում է մարտի վերջին Ստամբուլում սպասվող ՏԻՄ ընտրությունները, որտեղ քաղաքապետի թեկնածու է առաջադրել Էրդողանի կուսակցությունը․ «Այս քայլը գուցե նաև նպատակ ունի Ստամբուլում ապրող հայերին կողմնորոշել իշխող կուսակցության ուղղությամբ։ Եվ Էրդողանի գրառումը, որը նույնիսկ Հայաստանում էր դրական ընկալվել, առավել դրական կազդեր Ստամբուլի հայերի շրջանում»,- հավելեց թուրքագետը։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ
