Առողջապահության նախկին փոխնախարարը 5 մլն դրամ գրավով ազատ է արձակվել
RightԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երեկ՝ մարտի 8-ին, 5 մլն դրամ գրավով դատարանից ազատ է արձակվել առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը:
Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրվել է Պողոսյանին 5 մլն գրավի դիմաց ազատ արձակելը»,- ասաց նա:
Սակայն դատարանի նախագահը մերժել է նրանց միջնորդությունը և բավարարել առողջապահության նախկին փոխնախարարի փաստաբանի՝ գրավով ազատ արձակելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ մարտի 7-ին ձերբակալվել էր ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:
Սոնա Հարությույան