Վահան Մարտիրոսյանի անվան հետ կապվող ընկերությունը «ներխուժեց» ԱԺ. ո՞ւր են գնալու միլիոնները
АналитическийՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը իր կարիքների համար հակահրդեհային ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպել էր ՀՀ ԱԺ ՄԱԾՁԲ-19/6 ծածկագրով գնման ընթացակարգ, որի արդյունքում էլ 2019 թվականի մարտի 1-ին կնքվել է համապատասխան պայմանագիր «Սօս Սիսթեմս» ՍՊԸ-ի հետ: Ընդ որում. ուշագրավն այն է, որ մրցույթին մասնակցել է միայն այս ընկերությունը, որն էլ, տրամաբանորեն, հաղթող է ճանաչվել: Վերջինիս հետ կնքվել է 690000 դրամի պայմանագիր:
«Սօս Սիսթեմս» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2012 թվականի փետրվարի 07-ին և ընդամենը երկու ամիս անց՝ 16․04․2012թ․ առանց որևէ մրցույթի կամ գնումների ընթացակարգերի 15 տարի ժամկետով, ևս 15 տարով երկարաձգելու իրավունքով, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ կնքել է, այսպես կոչված, «համագործակցության պայմանագիր» (պայմանագրի պատճենահանված օրինակը կցվում է), որով նրան տրվում են «բացառիկ իրավունքներ»: Ընդ որում, համաձայնագիրը գաղտնի է պահվում, այն որևէ պետական մարմնում մինչ օրս հաշվառված չէ : «Սօս Սիսթեմս» ՍՊԸ-ի հիմնադիրն է նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի գործընկեր Արա Յաղջյանը, սակայն մամուլում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, համաձայն որոնց՝ իրականում ընկերության հետ անմիջական կապ ունի նաև ինքը՝ նախկին նախարարը: Բանն այն է, որ հանրապետությունում շահագործման հանձնվող ցանկացած նոր շինարարական օբյեկտի կառուցապատող չի կարողանում ստանալ օբյեկտը շահագործման հանձնելու համար ավարտական ակտը, այսինքն՝ ԱԻՆ ներկայացուցիչները պարզապես չեն ստորագրում այդ ակտը, քանի դեռ տնտեսվարողը չի դիմում «Սօս Սիսթեմս» ՍՊԸ պայմանագիր կնքելու համար, սա իր հերթին ենթադրում է կոռուպցիոն սխեմայի առկայություն, որի դեպքում տնտեսվարողները ստիպված են լինում օգտվել այս ընկերության ծառայությունից:
Այսինքն, եթե դիտարկում ենք, որ այս տարիների ընթացքում տնտեսվարողները ճարահատյալ վճարել են շուրջ 300 միլիոն դրամ՝ որպես սարքավորումների տեղադրման արժեք և տարեկան շուրջ 240 միլիոն դրամ՝ որպես սպասարկման վճար, ապա կարելի է ենթրադրել, որ վերջին վեց տարիների ընթացքում այս ընկերությունը ստացել է շուրջ 1․5 միլիարդ ՀՀ դրամի չափով հասույթ, իսկ սխեման, որով այդ հասույթը ձեռք է բերվել, բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մեկ անգամ ևս փաստենք, որ ընկերությունը մամուլում առկա բազմաթիվ հրապարակումներում կապվում է նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի անվան հետ:
Փաստորեն, նոր Հայաստանում, հին Հայաստանի հնարավոր կոռուպցիոն սխեմաները բացահայտելու փոխարեն՝ նախընտրում են այդ սխեմաների մեջ ներգրավված ընկերությունների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել: