Հարկատուների գրպանից 2 միլիարդ դոլար՝ պաշտոնյաների անգործության պատճառով
AnalyticalԱմուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը տրվել է օրենքի խախտմամբ, թե՞ ոչ: Սա հենց այն հարցն է, որը պարզելու համար կառավարությունը շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել: Գումար հատկացվել է Ամուլսարի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։ Իսկ հանքի աշխատանքը կասեցված է մինչև հարցի պատասխանը չստացվի։ Ընդ որում, դա այն հանքն է, որի գործունեության արդյունքում պետական բյուջեի մուտքերը կարող էին համալրվել տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարով։ Եթե «Լիդիան»-ը միջազգային արբիտրաժ դիմի ու հաղթի (ըստ ամենայնի՝ այդպես էլ կլինի), ապա հարկատուներիս վրա դա կարող է նստել 500 միլիոնից մինչև 2 միլիարդ դոլար։
Եվ դա՝ կառավարության անգործության կամ միտումնավոր գործունեության արդյունքում։ Փորձաքննությունն էլ, ըստ էության, չի իրականացվում: Տարակուսանք է առաջացնում նաև ընկերությունը, որը հաղթել էր մրցույթում և պետք է իրականացներ վերոնշյալ փորձաքննությունը: Elard-ը փաստացի հանդես չի գալիս որպես անկախ ընկերություն, Elard-ի եզրակացությունը փաստացի հրապարակվելու է ոչ թե ընկերության, այլ Քննչական կոմիտեի կողմից: Մինչդեռ ընկերության անկախության անհրաժեշտության մասին բազմիցս խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ծրագիրը հասկանալի է՝ Ամուլսարը փակենք, ավելի կարևոր է առողջությունը, հետո կարող է պարզվել, որ բնակչության առողջության վրա հանքը բացասական ազդեցություն չունի (բացասական ազդեցություն ապացուցող որևէ փորձագիտական հիմանավորում չի ներկայացվում), բայց երկրից վտարած կլինենք վերջին 20 տարում արևմտյան ամենախոշոր ներդրողին, մյուսներն էլ, զգուշանալով՝ հազիվ թե գան։ Իսկ այդ համայնքներից արդեն արտագաղթում են: Ավելին, Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հատուկ տողով անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքի խնդրին, համարելով այն ներդրումների վրա ազդող գործոն: Հետևաբար, էլ ավելի տարակուսելի է դառնում, թե ինչո՞ւ է կառավարությունը ձգձգում Ամուլսարի փորձաքննությունը և այս հարցի վերջնական լուծումը: Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք սեփականության կոպիտ խլման դեպքի կամ այլ անօրինական գործընթացի հետ: