Հայկ Մարությանի և Տարոն Մարգարյանի նմանություններն ու տարբերությունները
AnalyticalՎերջին շրջանում շատ հաճախ են համեմատականներ անցկացվում Երևանի գործող և նախկին քաղաքապետերի միջև: Հայկ Մարությանի գաղափարական հակառակորդները հայտարարում են, որ վերջինս ամբողջությամբ շարունակում է իր և իր թիմի կողմից այդքան քննադատված Տարոն Մարգարյանի քաղաքական գիծը, իսկ կողմնակիցներն ամեն կերպ ջանում են Մարությանին մաքրել նախկին քաղաքապետի ստվերից: Փորձենք իսկապես հասկանալ՝ կա՞ արդյոք այդ տարբերությունը և որպես չափանիշ դիտարկենք ոչ թե տրված խոստումները և պոպուլիստական հայտարարությունները, այլ այն գործը, այն քայլերը, որոնք արդեն իսկ կատարվել են: Կաթվածահար երթևեկություն, կոտրվածքներ ստացող հետիոտներ և մինչև ծնկները թաց ոտքեր և պարգևատրված պատասխանատու պաշտոնյաներ. թերևս այստեղ նմանությունները ակնհայտ են:
Անդրադառնանք բյուջեին և այն հարցին, թե ինչպես էին նախկին և ներկա քաղաքապետերը տնօրինում այն: Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք, Երևան քաղաքի բյուջեով վերելակների վերանորոգման համար (քաղաքի ամենաառաջնային խնդիրներից մեկը) հատկացված էր 108,7 միլիոն դրամ: Հայկ Մարությանի քաղաքապետության առաջին տարում այդ ծախսը կրճատվել է շուրջ 70 միլիոն դրամով և 2019 թվականի բյուջեով նախատեսված է ընդամենը 30,7 միլիոն դրամ: Բայց սա ամենը չէ: Եթե 2018-ի «տարոնական բյուջեով» արտասահմանյան գործուղումների համար նախատեսված էր 62,7 միլիոն դրամ, ապա ներկա իշխանությունները երևի շատ մեծ հավես ունեն դրսում շրջագայելու: Այս տարի ոչ ավել, ոչ պակաս՝ գործուղումների բյուջեն ավելացել է 50 միլիոն դրամով և կկազմի 112,7 միլիոն դրամ:
Փաշինյանը և իր թիմը ժամանակին հայտարարում էին, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանը վերածել է ապօրինի շինթույլտվությունների տրամադրման կանտորայի: Արդյո՞ք Մարությանն այս առումով տարբերվում է իր նախորդից: Քաղաքապետ ընտրվելուց հետո Մարությանը հայտարարեց, որ ոչ ոք չի կարող զանգել իրեն և ապօրինի շինարարության համար թույլտվություն ուզել, մինչդեռ ամիսներ անց Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը ահազանգեց, ընդ որում՝ փաստերով, որ ապօրինի շինարարությունն ու «բեսպրեդելը» շարունակվում է: Հիշո՞ւմ եք չէ, տարիներ առաջ «Մերժենք Տարոնին» խումբ էր ձևավորվել, որը պահանջում էր Մարգարյանի հրաժարականը, պնդելով, որ Երևանում շինթույլտվությունները տրամադրվում են քաղաքային իշխանություններին և նրանց մերձավորներին պատկանող բիզնես ընկերությունների շահերը սպասարկելու և ո՛չ երբեք քաղաքային մշակույթը պահպանելու ու զարգացնելու առաջնահերթություններով։ Եվ նրանք ճիշտ էին: Այդ մասին է վկայում նաև վերջին տարիներին տեղի ունեցած կանաչ և հանրային տարածքների հետևողական սեփականաշնորհումը և ոչնչացումը (օրինակ՝ Հաղթանակի այգի, Օղակաձև զբոսայգի, Մանկական զբոսայգի, Հրազդանի կիրճ, Ավանի լիճ, Ջրվեժի անտառտնտեսություն)։ Այստեղ նույնպես, վստահաբար կարող ենք ասել՝ գտեք երեք տարբերություն:
Վերը նշվածը ընդամենը մի քանի կետեր են, որոնցով փորձեցինք ցույց տալ Տարոն Մարգարյանի և Հայկ Մարությանի միջև առկա տարբերությունները և նմանությունները: Ինչպես ասում են՝ շարունակելի…