Վրաստանով ռուսական գազի տարանցման թանկացումը չի կարող ազդել ՀՀ առաքվող գազի գնի վրա. «Գազպրոմ Արմենիա»
ՀայաստանՌուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի` Վրաստանի տարածքով տարանցման արժեքի ավելացումը չի կարող ազդեցություն ունենալ ՀՀ առաքվող բնական գազի գնի վրա:
«Գազպրոմ Արմենիայի» կողմից տրամադրված պատասխանում ասվում է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով բնական գազ մատակարարող կազմակերպություն, տեղեկացնում է, որ ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խմ-ի համար սահմանվել է 165 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու։
Ինչ վերաբերում է ՌԴ-ից ՀՀ մատակարարվող բնական գազի` Վրաստանի տարածքով տարանցման արժեքի ավելացմանը, ապա այդ գործոնը չի կարող ազդեցություն ունենալ ՀՀ առաքվող բնական գազի գնի վրա, քանի որ վերը նշված Կոնտրակտի համաձայն՝ Վրաստանի սահմանից Հայաստանի սահման բնական գազի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնում է բնական գազ վաճառող կողմը»,–ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի պատասխանում: