Արցախի անկախությունը պետք է ճանաչվի. Հովսեփ Խուրշուդյան
PoliticalԱրցախը բանակցային ձևաչափ վերադարձնելու հարցը վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից է: Սա սկսվեց՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ Մինսկի համանախագահների հայտնի հայտարարությունից հետո, թեև, վարչապետը պաշտոնավարման առաջին օրից էր սա կրկնում: Այնուհետև Արցախի ԱԽ համատեղ նիստում վարչապետ Փաշինյանն իր ելույթով մեկ անգամ հստակ նշեց բանակցային գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը... Չուշացավ նաև Ադրբեջանի արձագանքը. Ալիևը հայտարարությամբ հայտնել է, որ անընդունելի է համարում ՀՀ կառավարության՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը: Վերոնշյալ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հետ, որը նկատեց, որ միանշանակ դրական է գնահատում իշխանության դիրքորոշումը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ.
«Ներկա իշխանությունների դիրքորոշումից միայն հայտնի է մի դրույթ, որ Արցախը տեսնում են բանակցային կողմում: Ժառանգությունն էլ ժամանակին պնդում էր Արցախը բանակցային սեղան վերադարձնելը և ավելին՝ մենք պնդում ենք՝ Արցախի անկախությունը պետք է ճանաչվի: Բայց առնվազն որպես առաջին քայլ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, քանի որ իրեն վերաբերվող հարցի քննարկումներում Հայաստանի իշխանությունը իրավասու չէ իր անունից բանակցելու: Նախկինում նման լիազորություն գուցե տրվել է, բայց հիմա այն չի կարող տրվել, որ Արցախը ներկայացվի Հայաստանի իշխանությունների կողմից»,-նշեց Խուրշուդյանը:
Խոսելով Մինսկի համանախագահների հայտարարությունից՝ վերջինս նկատեց, որ համանախագահները ունեն միայն լիազորությունների որոշակի շրջանակ. «Իրենք չպետք է որոշեն, թե բանակցությունների ձևաչափն ինչպիսին պետք է լինի: Բանակցությունների ձևաչափը որոշում են բանակցող կողմերը: Նրանք ընդամենը միջնորդ են, իրենք կարող են խորհուրդ տալ, կարող են հորդորել, բայց որոշում կայացնող չեն և չեն կարող որոշել ֆորմատի վերաբերյալ որևէ հարց: Հորդորը պետք է հաշվի առնել, որովհետև, ամեն դեպքում, նրանք մեր գործընկերներն են, բայց պետք է անել այն, ինչ փաստարկված է և ինչը հիմնավոր է»,- ասաց Խուրշուդյանը և հավելեց, որ ներկա բանակցային ձևաչափով որևէ առաջընթաց չի արձանագրվել, ինչպես նաև այդ ձևաչափը իրավական որևէ հիմք չունի, քանի որ ամենասկզբից Արցախը եղել է բանակցային կողմ և բոլոր ձևաչափերում, այդ թվում նաև խաղաղության, զինադադարի փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունը կա. «Այսինքն Արցախը հանվել է գործընթացից ապօրինի: Ապօրինի գործընթացն ինչպե՞ս կարող է հաջողության հասնել, ինչպե՞ս կարող է հովանավորությունը վայելել միջազգային ուժերի, որոնք նաև օրինականության երաշխավորներից մեկն են: Տվյալ դեպքում միջազգային իրավունքի բաղադրիչ մաս է բանակցային փաթեթը և բանակցային փաթեթի հիմնադրման նաև արձանագրություններն ու փաստաթղթերը»:
Խուրշուդյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական լինեն և պնդեն իրենց դիրքորոշումը նաև փաստարկներով. «Համանախագահներին, կարծում եմ, այլ բան չի մնալու, քան ընդունելը: Մանավանդ՝ իրենք էլ են ասում, որ վերջնական որոշում կայացնելիս Արցախը պետք է մասնակցի այդ գործընթացին»:
Անդրադառնալով հարցին, թե Արցախին բանակցային սեղանի շուրջ բերելու պնդումն արդյո՞ք չի մեծացնում Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններ սկսելու վտանգը, Խուրշուդյանը պատասխանեց. «Հիմա Հայաստանը ավելի ուժեղ է, քան երբևէ՝ իր ժողովրդի և իշխանության միասնությամբ: Եվ հիմա պատերազմի վտանգը շատ ավելի ցածր է, քան երբևէ եղել է, և Ադրբեջանը դա հասկանում է: Իսկ պատերազմի վտանգը կապված չէ հայտարարությունից կամ բանակցային ձևաչափից: Հենց Ադրբեջանը զգա, որ Հայաստանը թույլ է, հնարավոր է նրա վրա հարձակվել՝ մի վայրկյան էլ չի կասկածի: Իհարկե, եթե միջազգային միջավայրը, մթնոլորտը դրան նպաստի: Հայաստանը պետք է ինքնուրույն մարտահրավերների դիմակայելու ճանապարհները փնտրի, և այդ ճանապարհին Արցախը բանակցային գործընթացից մեկուսացնել չի լինի»:
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ