Կբարելավվեն Գեղարքունիքի մարզի դպրոցների խոհանոցային ու ճաշարանային պայմանները
ОбществоԳեղարքունիքի մարզի 117 հանրակրթական դպրոցներում, որոնցում իրականացվում է ՄԱԿ-ի պարենային համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» բաղադրիչը, կբարելավվեն խոհանոցային ու ճաշարանային պայմանները:
Խնդիրը քննարկվեց Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ, երբ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԿ- ի պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» բաղադրիչի ղեկավար Օքսանա Զոտովային եւ նույն բաղադրիչի Գեղարքունիքի մարզի համակարգող Կարեն Հակոբյանին: Ծրագրի պատասխանատուները Գնել Սանոսյանին ներկայացրին իրենց առաջիկա անելիքները, որոնք վերաբերում էին մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների խոհանոցների եւ ճաշարանների արդիականացմանը:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակում, այս տարվա ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, նախատեսվել է մարզի 117 դպրոցներում իրականացնել մոնիթորինգ, որպեսզի հստակեցվի, թե ինչ պայմաններում է պահպանվում եւ աշակերտներին մատուցվում սնունդը եւ ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացվեն խոհանոցների, ճաշարանների արդիականացման ու կահավորման ուղղությամբ: «Ճաշարաններում, սննդի եւ պահեստի հատվածներում ուսումնասիրությունները արդյունավետ իրականացնելու համար մենք ակնկալում ենք հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանների եւ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ուսումնասիրությունների արդյունքում կհստակեցնենք մեր անելիքները եւ յուրաքանչյուր ճաշարանի համար կիրականացնենք համալիր ծրագիր՝ նրանց տրամադրելով ներքին հարդարման եւ կահավորման համար անհրաժեշտ նյութեր եւ գույք»,- հավաստեց «Դպրոցական սնունդ» բաղադրիչի ղեկավար Օքսանա Զոտովան:
«Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը եւ հավաստիացնում, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների միջոցով անհրաժեշտ ամբողջ աջակցությունը բերել դրա իրականացմանը: Ցանկալի կլինի դպրոցների ճաշարաններում շինարարական աշխատանքներն իրականացնել ամռանը, որպեսզի նոր ուսումնական տարվանից աշակերտները սնվեն հարմարավետ եւ արդի չափանիշներին համապատասխան ճաշարաններում, սննդի պահպանության համար ստեղծվեն բավարար պայմաններ: Թեեւ մենք գույքագրել ենք խնդիրները, բայց մեկ անգամ էլ այդ գույքագրումը կվերահաստատենք նոր ուսումնասիրության արդյունքում»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: