Բյուջեն կլցվի, բայց դա կլինի թվացյալ և կարճաժամկետ․ տնտեսագետ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Լուրեր․com-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փափոխություններ կատարելու նախագծին։
Հարցին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս փոփոխությունները, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց։
«Չի կարող լինել մի որևէ փոփոխություն, որը միանշանակ դրական արդյունքներ ունենա։ Կարող է լինել, որ հիմնականում դրական լինեն, բայց հասարակության մի մասի համար հետևանքները կլինեն բացասական։ Այս լույսի ներքո պետք է գնահատել ցանկացած բարեփոխում։ Նման փոփոխությունները կհանգեցնեն այդ ձեռնարկությունների՝ փոխանակման կետեր, գրավատներ, սնանկացման և փակման։ Այդ տեսակ կետերի եկամտաբերությունը և շահույթի նորման ցածր են, քանի որ դրանք բազմագործառույթ չեն։ Հարկերի նման մեծացումները անիրատեսական են։
Տնտեսագետը նշեց նաև, որ այս ամենը հանգեցնելու է աշխատատեղերի կտրուկ նվազման, սոցիալական խնդիրների ավելացման, ստվերային դաշտի մեծացման։ Մարզերում և համայնքներում գործող կետերը կդադարեցնեն իրենց գործունեությունը, և այդ ամենը կբերի խոշորացման և մոնոպոլիզացման ։
«Փոքր խաղացողների համար կարգավորումներ և խստացումներ միշտ էլ եղել են։ Սրանք ունեն մի դրական արդյունք, որ բյուջեն կլցվի, բաց դա կլինի թվացյալ և կարճաժամկետ։ Այդ ձեռնարկությունները միայն բիզնես չեն, դրանք նաև աշխատատեղեր են, որոնց փակվելը մի շարք տնտեսական և սոցիալական խնդիրներ է առաջացնելու»,- ասաց Ավետիսյանը։
Ասպրամ Փարսադանյան