Փաշինյանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է
AnalyticalԹվում էր՝ կառավարության առաջարկած հարկային օրենսգրքի բարեփոխումներից հետո այլևս ոչինչ չի կարող զարմացնել և զայրացնել հպարտ քաղաքացիներին: Սակայն գործադիրի և, մասնավորապես, վարչապետ Փաշինյանի կրեատիվը այս հարցում անսպառ է: Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում յուրահատուկ հարցում էր կազմակերպել, որոշելու համար՝ արդյո՞ք պետք է պետությունը 11 հազար վարկ ունեցող նպաստառուի զրկի ստացվող նպաստներից: «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. - «Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն»: Փաշինյանի հարցադրումը սյուռեալիստական է թեկուզ հենց այն պատճառով, որ ըստ վարչապետի՝ 11 հազար քաղաքացու օրվա հացից կտրելու հարցը պետք է լուծեն ֆեյսբուքյան ֆեյքերը և հեղափոխական էյֆորիայի տակ մնացածները:
Գուցե վերչապետը տեղյակ չէ, սակայն եթե բյուջեն լցնելու մոլուցքը վեր է ամեն ինչից, ապա կարելի է դա անել ըստ ընթացակարգի՝ ուսումնասիրելով յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի դեպք առանձին, և դա պետք է անել ոչ թե ֆեյսբուքյան հարթակում, այլ համապաստախան գերատեսչության միջոցով: Ի դեպ. Փաշինյանի երկու սոցապ.նախարարներն էլ առանձնապես լուրջ խախտումներ չեն տեսել նպաստների համակարգում: Հետաքրքիր է, թե ինչու է աղմուկը բարձրանում հենց հիմա, այն էլ՝ վարչապետի մուննաթի մակարդակով: Չեն կարող չէ՞ 11 հազարն էլ լինել օլիգարխ, հատկապես, երբ ըստ Փաշինյանի՝ Հայաստանում այլևս օլիգարխների չկան: Իսկ վարկը բնավ էլ չի կարելի ճոխություն դիտարկել, այն պարզ պատճառով, որ այդ ընտանիքները կարող էին ճարահատյալ դիմել բանկային «ստրկության»՝ բուժման կամ ուսման նպատակով գումար ձեռք բերելու համար:
Մի՞թե այս պարագայում նոր կառավարության երկու մարտավարությունները հետևյալն են՝ չկան աղքատներ՝ չկա աղքատություն, և երկրորդը՝ կտրենք մեկի բերանից, մյուսին կերակրելու համար: Տարբեր առիթներով հայտարարվում է, թե այս ամիսների ընթացքում բյուջե միլիարդից ավել գումար է մտել, իսկ ո՞ւր է այդ գումարը, որ այսօր հանգել ենք իրավիճակի, երբ զինված ուժերում աշխատավարձերը բարձրացնելու համար ստիպված ենք մարդկանց կտրել օրվա հացից: Աշխատավարձերը, թոշակները կարելի է բարձրացնել խոստացված 800 մլն դոլար պետբյուջեի աճով, որը դեռ չկա: Իսկ պարգևավճարների, հավելավճարների վերացման արդյունքում քանի՞ տոկոսով կարելի Է բարձրացնել, այս մասին մտածե՞լ եք: Իսկ 4.5 միլիարդ դրամը առանձնսպես խոսուն թիվ չէ: Մի շատ խելացի մարդ ասում էր` թափ տանք մեր օլիգարխներից յուրաքանչյուրին, գրպանից 10 միլիոն դոլար կընկնի: Այդքան օլիգարխի թափ տալը, ասֆալտին փռելը փաստորեն որևէ գործնական օգուտ չտվեց շարքային քաղաքացիներին, և այժմ անհրաժեշտ է թափ տալ հենց նրանց…