Ընդդիմադիր Փաշինյան vs վարչապետ Փաշինյան
AnalyticalԿառավարման նախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտություն չկա: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կոնկրետ փաստարկներ չունենք՝ ինչու է պետք խորհրդարանականից անցնել նախագահական կառավարման համակարգի, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կենտրոնանալու են տնտեսական հեղափոխության վրա:
Կառավարման համակարգի վերաբերյալ վարչապետի մոտեցումները լուրջ էվոլյուցիա են ապրել և փոփոխությունների են ենթարկվել, եթե մենք դիտարկում ենք առանձին-առանձին ընդդիմադիր և վարչապետ Փաշինյաններին: Փաստացի` Նիկոլ Փաշինյանը դեմ էր սուպերվարչապետական համակարգին, քանի դեռ ինքը չէր վարչապետը, իսկ հիմա ՀՀԿ-ի սարքած համակարգը լավ էլ ընդունելի է. Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգում պետք է բալանսավորում տեղի ունենա, որը, սակայն, մեկ օրում չի լինելու: «Երբ մենք խորհրդարանական կառավարմամբ համակարգ ենք ստեղծել, բալանսավորում եղել է: Այսօրվա մեր Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, և բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի ու վարչապետի միջև, այլ՝ կառավարության և Ազգային ժողովի միջև: Սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը»,- ավելացրեց վարչապետը: Այնուհետև խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա պետական կառավարման կարգը կփոխվի: Այժմ ժողովրդի ցանկությանը Փաշինյանը չի ցանկանում ականջալուր լինել և հայտարարում է, որ իր կարծիքով՝ նման անհրաժեշտություն չկա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ընդունում է այն ամենը, ինչ արել է ՀՀԿ-ն` սկսած ՀԱՊԿ-ի դերի ընդունումից, հայ-ռուսական հարաբերություններից, ներքին ու արտաքին քաղաքականությունից մինչև … Սահմանադրություն: Նա հիանալի գիտի, որ ժողովուրդը երբեք փողոց դուրս չի գա Սահմանադրություն փոխելու պահանջով, որովհետև ժողովրդի համար մեկ է կառավարման մոդելը, նույնքան հիանալի գիտի` ինչպես է 2015-ին ընդունվել նոր Սահմանադրությունը ու ինչի համար: Թե՛ իբրև լրագրող աշխատած տարիների փորձը, թե՛ քաղաքականության մեջ կուտակածը Նիկոլ Փաշինյանին պետք է բավարարեր` հասկանալու համար, որ եթե ձուկը նեխած է, ոչ թե պոչից են մաքրում, այլ դեն են նետում: