Անհրաժեշտության դեպքում դիմելու եմ Եվրոպական դատարան. Լավրենտի Միրզոյան
IranՄարտի 21-ին, ավարտվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը: Մրցութային հանձնաժողովը հայտերի ուսումնասիրման և խորհրդի նախագահի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչև ապրիլի 1-ը:
ԼՈՒՐԵՐ. com- ը զրուցել է հեռուստաընկերության խորհրդի նախագահի թեկնածու Լավրենտի Միրզոյանի հետ:
Լավրենտի Միրզոյանն, ով նաև Ռադիոյի տնօրենի պաշտոնի թեկնածուներից էր, ասաց, որ հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն ունեն լեզվական խնդիրներ, քանի որ հեռուստաընկերությունն ունի հասարակություն ձևավորելու գործառույթ, եթերում պետք է հնչի միայն գրական հայերեն: Այդ հարցով պետք է զբաղվի մի մարդ, ով ունի հայերենի լավ իմացություն:
«Այս պաշտոնի համար մրցում են 23 հոգի, որոնց մեծ մասը հանրաճանաչ չէ: Նրանից շատերը անգամ չունեն հայկական կրթություն: Այդ պաշտոնին հավակնող մարդը պետք է ունենա փորձառություն: Այս թեկնածուներից, ո՞վ է մեծ հաջողություններ գրանցել իր ոլորտում: Ես հատուկ սանդղակ եմ մշակել, որով պետք է բարձրացվեն նաև լրագրողների աշխատավարձերը: Այո՛, ես ունեմ որոշակի կասկածներ, որ ամեն ինչ արդար չէ: Օրինակ, երբ դիմում էինք ներկայացնում, մեզ տվեցին ուղղագրական սխալներով դիմում, որտեղ անգամ հարց չկար, մեր հայոց լեզվի իմացության մասին: Կարևորվում է միայն օտար լեզուների իմացությունը, սա կարող է խոսել այն մասին, որ ամեն ինչ արվում է, որ պաշտոնը զբաղեցնի օտար կրթությամբ մեկը: Հարցերը շատ են, բայց ամեն ինչ պարզ կլինի ընտրություններից հետո: Եթե տեսնեմ, որ արդարությունը խաթարվում է, ապա դիմելու եմ դատարան: Անհրաժեշտության դեպքում նաև Եվրոպական դատարան», - հավելեց Միրզոյանը:
Ասպրամ Փարսադանյան