Տնտեսական հեղափոխություն ասելով՝ հասկանում ենք մտածելակերպի փոփոխություն. իմքայլական պատգամավոր
Экономика«Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է տարադրամի փոխանակման կետերում պետական տուրքը բարձրանալու, օրինակ, 60 անգամ, այլ ոչ` 50 կամ 30 անգամ:
Շատ կարևոր է հասկանալ նաև, թե ինչքանո՞վ դա ազդեցություն կունենա այդ շուկայի կենտրոնացվածության վրա և ինչքանո՞վ է դա ռազմավարական լուծու: Կառավարության այս նախագիծն ունի և՛ սուբյեկտիվ կողմ, և՛ օբյեկտիվ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը` անդրադառնալով տարադրամի փոխանակման կետերում պետական տուրքի վերաբերյալ օրենքի փոփոխությանը:
Պատգամավորը նշեց, որ կուզենար այս հարցի վերաբերյալ հիմնավորումներ և գնահատված մոտեցումներ լինեն և երբ նախագիծը կառավարությունից քննարկման գա Ազգային ժողով, այդ ժամանակ ռազմավարական մոտեցման առումով իր մտահոգությունները կկարողանա փարատել:
Հարցին, թե կառավարության այս ծրագիրը խոստանո՞ւմ է նպաստել տնտեսական հեղափոխությանը` Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Երբ իմ խոսքում նշեցի, որ կուզենայի տեսնել կարգավորիչ և գնահատված մոտեցումներ` հենց դա նկատի ունեի: Տնտեսական հեղափոխություն ասելով, մենք հասկանում ենք խաղի կանոնների կամ մտածելակերպի փոփոխություն»,- ասաց պատգամավորը:
Իսկ արդյոք նախագիծը առաջ չի՞ բերի ստվերային մենաշնորհ` վնասելով տարադրամի փոխանակման կետերին, ասաց. «Այլ հավասար պայմաններում, եթե մենք նշում ենք մի բիզնեսի գործունեության պայմանների կոշտացման մասին, մեկ այլ հավասար պայմաններում կարելի է նկատել, որ պոտենցիալ մուտք գործողներն այդ շուկայում կնվազեն: Բայց սա հենց այն հարցն է, թե ինչ է լինելու վերջնական համալիր ազդեցության արդյունքում»- եզրափակեց պատգամավորը` հույս հայտնելով, որ Աժ-ում` նախագծի քննարկաման ընթացքում կստանա մտահոգիչ հարցերին ռազմավարական հիմնավորումներ: