Բոլոր ոլորտներում ակնհայտ գնաճ կունենանք․ Խոսրով Հարությունյան
InterviewsՎերջին շրջանում քննարկումների օրակարգային թեմաներից մեկը հարկային օրենսգրքում սպասվող փոփոխություններն ու դրանց հետևանքներն են։
Այսօր` ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ հարկային փոփոխություններից հետո որոշ ոլորտներում գնաճ կնկատվի։ Ըստ նախագահի՝ այդ գնաճը կլինի կարճաժամկետ։
Այս թեմաների շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցելէ ՀՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Խոսրով Հարությունյանի հետ։
- Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս փուլում արվող հարկային դաշտի փոփոխություններին։
- Հարկային ոլորտում արվող բարեփոխումներից մի քանիսը ակնհայտորեն հետապնդում են միջավայրը բարելավելու, նախաձեռնությունները խթանելու, գործարար ակտիվությունը բարձրացնելու համար։ Օրինակ՝ միկրոբիզնեսի համար նախատեսված հարկային փոփոխությունները, դրանք կօգնեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Այսպես մի քանի առաջարկություններ կարելի է դրական համարել՝ եկամտահարկի փոփոխությունները։ Որոշ դեպքերում այս փոփոխությունները միտված են մի քանի ոլորտներում աշխուժություն մտցնելու։ Բայց, որոշ առաջարկներ մտածելու տեղիք են տալիս, օրինակ՝ ակցիզային հարկերի բարձրացումը, ֆիսկալ բնույթ է կրում, այսինքն բյուջեի լրացումներ անելու համար է նախատեսված։ Ինչու՞ ենք մենք գազավորված ըմպելիքները ակցիզով հարկում։ Ալկոհոլի, ծխախոտի դեպքում մի քիչ հասկանալի է, դա անուղղակի հարկ է և վճարվում է քաղաքացու կողմից, որպեսզի նա հասկանա, որ դա վնասակար է։ Գազավորված ըմպելիքի դեպքում կա այլընտրանք, շաքարով հիվանդ մարդը կարող է գնել առանց շաքարի գազավորված ըմպելիք։ Մանրամասն հարցերը առողջապահական են։
- Կո՞ղմ եք հարկերի հավասար բարձրացմանը, մարզերում և քաղաքներում գործող ձեռնարկությունների նույն չափով հարկմանը։
-Ստացված եկամուտները գեներացված են և դրանց մեծ մասը մնում է խոշոր կենտրոններում։ Բնական է, որ Մեղրիում գործող գրավատան եկամուտը անհամեմատելի է Երևանում գործող նման կետի հետ, ինչպե՞ս կարելի է նույն չափով հարկել։ Ստացվում է, որ եկամուտները գեներացնում ենք Երևանում, բայց հարկերը միաչափ են բոլորի համար։ Սա ճիշտ չէ։ Բացի դա՝ միանգամից 60 անգամ բարձրացնելու հաշվարկները չկան։ Եվ ամենակարևորը մենք շփոթում ենք հարկն ու տուրքը։ Մի անգամ որևէ հաստատություն թող վճարի թույլտվություն ստանալու համար, իսկ հետո հարկվի իր գործունեությանը համապատասխան։ Ինչու՞ պետք է ամեն տարի մարդը թույլտվություն ստանա։ Սա անթույլատրելի է։ Քանի դեռ լիցենզիայի պահանջների մեջ որևէ նոր պահանջներ չի առաջացել, ես չպետք է տուրք վճարեմ, այլ՝ իմ գործունեության արդյունքներին համապատասխան հարկեր։
- Ի՞նչ եք կարծում, սպասվող գնաճերը իսկապե՞ս կլինեն կարճաժամկետ։ Դրանք ի՞նչ ազդեցություն կունենան։
- Գների բարձրացման կբերեն ակցիզային հարկերի, փոխանակման կետերի հարկերի բարձրացման արդյունքում։ Մեզ մոտ կա բացասական տենդենց, երբ գները բարձրանում են արագ, բայց իջնում շատ դանդաղ։ Որպես կանոն գների նվազումը տեղի է ունենում մրցակցության արդյունքում, բայց մեզ մոտ շատ ոլորտներում կա կարտելային պայմանավորվածություն։ Համոզված չեմ, որ հիմա գները բարձրանան, ապա հետագայում կիջնեն։ Ինչպես ասում են՝ ժամանակավորից մշտական բան չկա։ Կարծում եմ, որ բոլոր ոլորտներում ակնհայտ գնաճ կունենանք։
Ասպրամ Փարսադանյան