Խաղաղությունից խոսելով՝ խաղաղություն ձեռք չես բերի. ՀՅԴ ներկայացուցիչ
Քաղաքական«Պաշտպանության նախարարի հայտարարությունը ողջունելի է և բազմիցս ասել ենք, որ պսատերազմից խուսափելու լավագույն ձևը դրան միշտ պատրաստ լինելն է: Պաշտպանության նախարարի հայտարարությունը հստակ ուղերձ էր մեր հակառակորդին, որ հերթական ոտնձգության ժամանակ մենք չենք սահմանափակվի պաշտպանվելով և կգնանք առաջ: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակին արված հայտարարություն է և պարտվողական տրամադրությունները պետք է հայկական իրականության մեջ այլևս տեղ չունենան»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով այսօր Նյու Յորքում ՀՀ Պն Դավիթ Տոնոյանի հայտարարությանն մասին, ըստ որի՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» արտահայտությունը վերաձևակերպվել է՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ: Սաղաթելյանից հետաքրքրվեցի՞նք՝ արդյոք հակասություններ չի՞ տեսնում նախարարի խոսքում այն առումով, որ մի դեպքում խոսում է պատերազմի և նոր տարածքների, մյուս դեպքում՝ կոմպրոմիսների գնալու մասին:
«Կարծում եմ, որ պաշտպանության նախարարը և առհասարակ հայկական կողմը զիջումների մասին պետք է չխոսի այնքան ժամանակ, մինչև հստակ հասկանանք՝ Ադրբեջանն ինչի է պատրաստ և ինչ է զիջելու»,- ասաց Սաղաթելյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է Տոնոյանի հայտարարությունը Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման և խոսակցության հետևանք է, Սաղաթելյանը պատասխանեց. «Ոչինչ պնդել չենք կարող: Իմ տպավորությամբ Վիեննայում որևէ բեկումնային բան տեղի չի ունեցել, հերթական հանդիպումն էր: Զիջումներ ասելով՝ խաղաղություն չենք ստանա, խաղաղություն կստանանք մեր վճռականությամբ: Եթե մեր հայկական իրականության մեջ լինեն մարդիկ, ովքեր շարունակեն խոսել տարածքներ խաղաղության դիմաց թեզը առաջ տանելով՝ մենք դրանով կնախապատրաստենք ավելի մեծ պատերազմներ: Այսինքն՝ խաղաղությունից խոսելով խաղաղություն ձեռք չես բերի: Մենք պարտավոր չենք շարունակ պաշտպանվել ու անհրաժեշտության դեպքում պետք է գնանք առաջ»,- նշեց նա:
Սաղաթելյանը նշեց՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզն իրենց համար անընդունելի է, ու դա քննարկման ենթակա չէ. «Ով-ով՝ Դաշնակցությունը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը, զգացել է իր կաշվի վրա և մենք պատերազմին կողմ չենք, բայց պատրաստ ենք պատերազմի, քանի որ զիջելու բան չունենք: 2016թ. ապրիլին մեկ անգամ ևս երևաց, որ սահմանները պաշտպանելու գործում hայ ժողովուրդը միասնական է: Մենք մշտապես կողմ ենք եղել, որ Արցախի խնդիրը լուծվի բանակցությունների ճանապարհով, բայց պետք է հասկանանք նաև՝ հակառակ կողմը պատրաստ է դրանց, թե ոչ: Սակայն Արցախի հարցում նոր իշխանությունների որդեգրած դիրքորոշումներում մշուշոտ տարրեր կան, մեր համար ամբողջական հայտնի չէ, թե ինչպես է նոր իշխանությունը պատկերացնում Արցախի հարցի կարգավորումը»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Սոնա Հարությունյան